Asbarez կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում կազմակերպված և ավելի քան 20-ամյա վաղեմություն ունեցող հայկական ջարդերը: Այս անգամ դրանց անդրադարձել են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ռոբերտ Դոլդը և Ֆրենկ Պալոնեն:
Շերմանը մասնավորապես նշել է. «1988 թվականի փետրվարի 27-ի երեկոյան Սումգայիթում բնակվող հայերը ենթարկվեցին դաժան հարձակման, որը շարունակվեց երեք օր: Նրանց ենթարկեցին դաժան ծեծի: Ոմանք բռնաբարվեցին, իսկ ոմանց էլ ողջ-ողջ այրեցին:
Մենք պետք է ավելի շատ բան անենք՝ Ադրբեջանին ցույց տալու համար, որ ԱՄՆ-ը աջակցում է Արցախի խաղաղությանն ու պաշտպանությանը: Մենք պետք է Ադրբեջանին կոչ անենք դադարեցնել ԼՂՀ-ին ուղղված բոլոր սպառնալիքներն ու բռնության ակտերը: Ես մեր վարչակազմին կոչ եմ անում վերացնել ամերիկա-ղարաբաղյան շփումների ճանապարհին ընկած բոլոր արգելքները»:
Ֆրենկ Պալոնեն իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ամբողջովին ճանաչի Սումգայիթի ջարդերը, ինչը կարևոր է ոչ միայն պատմական, այլև՝ հետագայում խաղաղության տեսանկյունից.
«Միայն այդպիսի հանցագործությունների ճանաչումն է հանդիսանում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ արված առաջին քայլը: Այսօր տարածաշրջանային կայունության կարիքը զգացվում է ավելի շատ, քան՝ երբևէ:
Ադրբեջանի կառավարությունն այսօր էլ շարունակում է սպառնալ հայերին, իսկ նրա զինված ուժերը շփման գծում խախտում են հրադադարի ռեժիմը: Ոչ վաղ անցյալում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը ժամանակակից զենք է գնում՝ ԼՂՀ-ի տարածքը գրավելու համար: Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ ահաբեկման ու ագրեսիայի բոլոր ակտերը»:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment