«Լրագիր» 7-3-2012- Մինչ Սերժ Սարգսյանը Եվրամիությունում քննարկում է Հայաստանի բարեփոխումների համար ռեսուրսներ ստանալու հարցը, Հայաստանը շարունակում է իր ռեսուրսները նվիրաբերել Ռուսաստանին՝ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում Մոսկվայում թեեւ 100 տարվա, բայց ընդամենը վարձակալությամբ ստացված տարածքի դիմաց մի քանի հեկտար տարածք որպես սեփականություն հանձնել Ռուսաստանին, ընդ որում անհատույց:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզոն Սերժ Սարգսյանին հիշեցրել է բանաձեւը՝ ավելի շատ բարեփոխում, ավելի շատ ռեսուրս: Այսինքն, «առավոտյան ապրանքը, երեկոյան՝ փողը», ինչպես հայտնի ֆիլմում Մեծ կոմբինատորի եւ թատրոնի տնտեսվարի զրույցում էր:
Սերժ Սարգսյանը համաձայն է բանաձեւին, բայց հիշեցրել է, որ բարեփոխումները ավելի շատ ռեսուրս են պահանջում: Բարոզոն էլ ասել է, որ ռեսուրսներ կլինեն 2012 թվականից, թերեւս ակնարկելով, որ դա պայմանավորված է խորհրդարանի ընտրությամբ:
Հայաստանի իշխանությանը թվում է, որ գտել է իշխանական դիրքը, ձեռքի հետ էլ պետությունը պահելու հիանալի տարբերակ՝ եղածը նվիրաբերել Ռուսաստանին, իսկ Եվրոպայից էլ փող բերել Հայաստանը պահելու համար, արդյունքում պահելով թե Հայաստանը, թե իշխանությունը: Ընդ որում, Հայաստանն էլ պահվում է իշխանության խաթեր, կամ ավելի ճիշտ այնքան, որքան պետք է այդ Հայաստանում իշխանություն ունենալու համար: Եթե հնարավոր լիներ Հայաստանի իշխանություն լինել առանց Հայաստանի, ապա թերեւս առանց կասկածի կարելի է ասել, որ Հայաստանի իշխող համակարգը հաճույքով կգնար այդ տարբերակին:
Բայց, կարծես թե հնարավոր չէ, եւ իշխանությունը Հայաստանում իշխանություն լինելու համար ստիպված է ժամանակ առ ժամանակ փող գտնել Հայաստանը պահելու համար:
Բայց, այժմ կարծես թե առավել դժվարությամբ է գտնվում փողը: Այսինքն, այժմ արդեն ոչ թե ավանսով են վճարում բարեփոխումների համար, այլ հետվճարային համակարգ է գործի դրվում: Որովհետեւ «Եվրոպայի տառապանքը թերեւս փորձ ունի»՝ փողերը հատկացվել են, իսկ բարեփոխումները չկան:
Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանի արտահայտած այն մոտեցումը, թե բարեփոխումը փող է պահանջում, նույնպես իրատեսական է եւ արդարացի: Հայաստանի տնտեսությունը մոնոպոլացված է, քվոտավորված, իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են անելանելիության աստիճան: Այդ համակարգի կազմաքանդման, վերափոխման ուղղությամբ ցանկացած քայլ կարող է հանդիպել համակարգային շանտաժի մի ալիքի, երբ իշխանության գլուխ կանգնած կապիտալիստական խմբերը կարող են պարզապես իրենց նյութական հնարավորություններն օգտագործել ցնցումներ, սաբոտաժներ առաջացնելու համար, ինչը փոքր ինչ երկար տեւելու համար կարող է ուղղակիորեն սոցիալական քաոս առաջ բերել երկրում:
Բավական է հիշել, թե ասենք ինչպիսի կարճաժամկետ խուճապներ են առաջացել շուկայում, երբ որեւէ օլիգարխ մի քանի ժամով տատանել է առաջին անհրաժեշտության որեւէ ապրանքի գին՝ օրինակ շաքարավազի գինը, կամ երբ մի քանի ժամով ցնցվել է տարադրամի շուկան, ինչի հայաստանյան ծավալի փոքրությունը թույլ է տալիս ընդամենը մի քանի հարյուր հազար դոլարի միաժամանակյա խաղարկմամբ ազդել տարադրամի փոխարժեքի վրա:
Այլ կերպ ասած, եթե ենթադրենք մի պահ, որ Սերժ Սարգսյանը կարող է որոշել սահմանափակել օլիգարխների իշխանությունը եւ նրանց փոքր ինչ հետ մղել իշխանական լծակների վրա ազդեցությունից, նրանք կարծես թե ունեն բավական հնարավորություններ սոցիալական ցնցումներ առաջացնելու համար, ընդ որում անձամբ նախապես հեռանալով երկրից:
Իսկ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում, երբ սեփական իշխանության անվտանգությունը Սարգսյանից պահանջի, նա անկասկած կգնա այդ քայլին, թեեւ իհարկե ընդհանուր առմամբ կփորձի հնարավորինս խուսափել դրանից:
Եվ տեսականորեն դիտարկելով այդ տարբերակը, որն ի դեպ այդքան էլ հեռու չէ պրակտիկ եզրեր ունենալու հավանականությունից, պետք է նաեւ արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը կազմող քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման համար իսկապես անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնք կօգնեն լրացնել այն ցնցումածին վակուումը, որ կարող է առաջանալ, եթե օլիգարխիան իր կապիտալի զգալի մասն ուղղակի հանի Հայաստանից՝ որպես «ինքնապաշտպանություն»:
Այդպիսով, որոշակիորեն կարծես թե հավի ու ձվի պատմություն է ստացվում, եթե բարեփոխումները պայմանավորվում են ռեսուրսային երաշխիքով, իսկ ռեսուրսների հատկացումն էլ պայմանավորվում է բարեփոխումների պրակտիկությամբ:
Կարո՞ղ են արդյոք Եվրամիությունն ու Սերժ Սարգսյանը գտնել «ոսկե միջինն» ու գալ համաձայնության, որպեսզի թե բարեփոխումների հեռանկարը շահի, թե ռեսուրսները չտուժեն:
Անկասկած կարող են, եթե իհարկե Սերժ Սարգսյանն ունի այդպիսի անկեղծ ցանկություն եւ պատրաստակամություն: Բայց դա էլ իհարկե կախված է այն բանից, թե ուրիշ ինչ ելք ունի Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, այդ իմաստով բավական հետաքրքրական է փաստը, որ Սերժ Սարգսյանը Բրյուսելից զանգահարել եւ շնորհավորել է ՌԴ վարչապետ Պուտինի նախագահական ընտրությունը: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը Եվրամիությանը խորհրդարանի ընտրության շեմին վերջին խոսքն ասելուց առաջ փորձել է տեսնել, թե ինչ ելք կա Ռուսաստանում, կամ պարզապես Ռուսաստանին նախազգուշացնել, որ այլ ելք չկա: Եվ գուցե դրա համար էլ զանգահարել է հենց Բրյուսելից, Եվրոպայի քաջալերանքի թարմ տպավորությամբ եւ շնչով, մտավախություն ունենալով, որ Երեւանից շատ դժվար կլիներ առանց դրա խոսել Պուտինի հետ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment