Thursday, March 8, 2012

Իրանի նորընտիր Մեջլիսում մեծամասնություն կկազմեն հոգևոր առաջնորդին սատարող պահպանողական ուժերը

Panorama.am. 7-3-2012- Մարտի 2-ին Իրանում տեղի ունեցան 9-րդ գումարման Մեջլիսի ընտրություններ: Շուրջ 75 միլիոն բնակչություն ունեցող Իրանում ընտրության իրավունք է ունեցել 48 միլիոն 200 հազար քաղաքացի: Առաջադրված 3444 թեկնածուներից պետք է ձևավորվի 290 պատգամավորից բաղկացած օրենսդիր մարմին: Մեջլիսի ընտրություններին մասնակցած հիմնական քաղաքական ուժերը պահպանողականներն ու բարեփոխականներն էին, որոնցից յուրաքանչյուրը միասնական ձևաչափով հանդես գալու նպատակով ձևավորել էր կոալիցիաներ: Պահպանողականների կոալիցիան գլխավորում էին «Արմատականների միացյալ ճակատ», «Դիմադրության ճակատ», «Ազգի ձայն», «Իսլամական զարթոնք» կուսակցությունները: Բարեփոխականների կոալիցիան կազմված էր «Ժողովրդավարական ճակատ», «Բարեփոխականների ժողովրդական ճակատ» և «Աշխատանքային կոալիցիա» կուսակցություններից: Սակայն, ինչպես և սպասվում էր հիմնական պայքարն ընթացավ պահպանողական երկու թևերի` ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Մահմուդ Ահմադինեժադին սատարող ուժերի միջև: Նախագահին սատարող քաղաքական ուժին, որն ընտրապայքարի արդյունքում ստացավ անհամեմատ քիչ մանդատներ, հակադիր ուժերը անվանում են «իսլամական հեղափոխության ճանապարհից շեղվածներ (ջարայան-է էնհերաֆի)»: Այդպիսով ընտրություններում Ահմադինեժադի և նրան սատարող ուժերի, մասնավորապես` Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի (նախագահի աշխատակազմի ղեկավարն է և Ահմադինեժադի խնամին) կրած պարտությունից հետո վերջիններիս ազդեցությունը գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին անհամեմատ կթուլանա: Բացի այդ, Իրանի քաղաքական որոշ շրջանակներ ընտրություններում նախագահ Ահմադինեժադի քրոջ` Փարվին Ահմադինեժադի, պարտությունը ևս համարում են Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական կուրսի պարտություն: Նկատենք, որ Ահմադինեժադի թիմի պարտությունը կանխատեսելի էր, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում նախագահի կողմնակիցները Մեջլիսի, պետական ազդեցիկ ատյաններում բարձր պաշտոններ զբաղեցնող հոգևորականների, ինչպես նաև այլ ուժերի կողմից պարբերաբար ենթարկվում էին տարատեսակ ճնշումների (ձերբակալություններ, պաշտոնանկություններ, տարբեր ոլորտներին առնչվող քննադատություններ և այլն): ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը մարտի 5-ին հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` առաջին փուլում 225 պատգամավոր էր ընտրվել, իսկ երկրորդ փուլում`130 թեկնածուներ կպայքարեն մնացյալ 65 մանդատը ձեռք բերելու համար: Համաձայն նախնական արդյունքների` Մեջլիսում մեծամասնություն կկազմեն պահպանողականները, իսկ բարեփոխականներն ու անկախ պատգամավորներն ավելի քիչ տեղեր կզբաղեցնեն: Իրանի Կենտրոնական ընտրական շտաբի հաղորդմամբ` 9-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 64 տոկոս: Հավելենք, որ Իրանի նորընտիր Մեջլիսում իրանահայությանը կներկայացնեն Թեհրանի և հյուսիսային իրանայության պատգամավոր Կարեն Խանլարյանը (10.857 ձայն), իսկ Սպահանի և հարավային իրանահայությանը` Ռոբերտ Բեգլարյանը (2.612 ձայն): Հեղինակ` Արմեն Իսրայելյան

No comments: