Friday, March 2, 2012

«Աշխարքեն մի վախնար, մանչս»

«Լրագիր» 2-3-2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում հայկական օրինագծի արգելակումը Հայաստանում արժանանում է տարբեր արձագանքների: Ընդհանուր առմամբ իրավիճակն իհարկե մոտ է այսպես ասած “էշից ընկած” լինելուն՝ բոլորը աղաղակում էին, ծաղիկներ տանում Ֆրանսիայի դեսպանատուն, իրար հետեւից նամակներ գրում Ֆրանսիայի իշխանությանը, ու հանկարծ այդպիսի պատմություն: Բայց, տեղի ունեցածը բավական ուսանելի օրինակ է այն առումով, որ չի կարելի է աշխարհում գոյատեւել բարեկամներ կամ թշնամիներ փնտրելով, թշնամուն հայհոյելու, բարեկամին պաշտելու համար, սեփական ֆունկցիան համարելով ընդամենը բարեկամին ժամանակին եւ շատ ծաղիկ տանելը: Բայց, կա նաեւ մեկ այլ ծայրահեղ մոտեցում, երբ սեփական գործառույթը դիտարկվում է ամեն ինչից վախենալն ու զգուշանալը, դա դիտարկվելով իբրեւ անվտանգության ապահովման լավագույն եւ արդյունավետ տարբերակ: Օրինակ, կա կարծիք, թե Ֆրանսիան երբ ընդունում էր հայկական հայտնի օրինագիծը, ապա Հայաստանը պետք է դա դիտարկեր ոչ թե ոգեւորվելու առիթ, այլ մտածեր հայ-թուրքական հարաբերության համար դրա հետեւանքի մասին: Հասկանալի է, որ իմաստն այն է, թե Ֆրանսիայի որոշումը կարող է Թուրքիային վատ տրամադրել Հայաստանի հանդեպ: Հետեւաբար, կարծես թե ստեղծվում է մի իրավիճակ, որ շնորհակալությունների եւ ծաղիկների փոխարեն, Հայաստանը պետք է խնդրագրեր ներկայացներ Ֆրանսիային, որպեսզի այդ երկիրը հանկարծ այդպիսի օրենքներ չընդունի եւ հայ-թուրքական հարաբերությանը չվնասի: Իրականում պարզ է, որ այդ ծայրահեղությունը ավելի մեղմ կամ ավելի հեռանկարային չէ, քան ծաղիկներ տանելն ու աղաղակելը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ եթե ազդեցիկ տերությունները չընդունեն հայկական օրինագծեր կամ չքննարկեն դրանք, Հայաստանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը փոփոխվելու է, ապա թերեւս չարաչար սխալվում է: Կընդուներ Ֆրանսիան օրենքը, կքննարկեր մեկ օր, թե մեկ տարի, միեւնույն է, Հայաստանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը դրանից էական փոփոխության չի ենթարկվելու, եւ Թուրքիան Հայաստանը դիտարկելու է որպես իր ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական հավակնությունների գլխավոր խոչընդոտներից մեկը: Հետեւաբար, պետք է թերեւս դուրս գալ ուրախության կամ վախի ծայրահեղություններից եւ իմաստնության չափորոշիչ չդարձնել այն, թե հայկական հարցը հերթական անգամ դարձավ հզորների ձեռքի խաղալիք: Նախ, դա կանխելը Հայաստանի համար կլինի ժամանակի եւ եռանդի ապարդյուն վատնում, որովհետեւ հազիվ թե Հայաստանը կարողանա ասենք ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային պարտադրել հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերության հարցում հայկական խնդիրն օգտագործելու մտքից: Եվ բացի այդ, դրանում չկա որեւէ վատ բան, եթե Հայաստանն էլ կարողանա իր հերթին օգտագործել աշխարհի տերությունների այդ խաղն ու փորձել դրա վրա կառուցել սեփական գործողությունները: Պարզապես, այդ գործողությունների հիմքից պետք է դուրս գա անմիտ ուրախությունն ու գերմիտ վախը: Դրանք իրենց տեղը պետք է զիջեն քաղաքական ծրագրավորմանը, սցենարային բազմազանությանը: “Աշխարքեն մի վախնար, մանչս”, ասում էր Գրիգոր աղան որբ Թորիկին: Իսկ Թորիկին սկսեցին հարգել, երբ նա հրապարակավ հաղթահարեց իր վախը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: