Friday, March 2, 2012

Սարկոզիին ֆրանսիական քաղաքում դիմավորել են սուլոցներով և ձվերով

Tert.am. 2-3-2012- Նախընտրական քարոզարշավի շրջանակում Բայոնա քաղաք (Ֆրանսիայի հարավ-արևմուտքում) այցելած Ֆրանսիայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզիին դիմավորել են սուլոցներով և ձվերով: «5 տարվա ընթացքում ոչինչ չես արել»,-բացականչել են քաղաքի կենտրոնում հավաքվածները և թռուցիկներ շպրտել Սարկոզիի ուղղությամբ` ի պաշտպանություն բասկերի տարածքային կազմավորումների ինքնավորության (Եվրոպայի հնագույն ժողովուրդներից մեկը համարվող բասկերը բնակվում են Ֆրանսիայի հարավում): Հաղորդվում է, որ հավաքվածներից ոմանք Ֆրանսիայի նախագահի ուղղությամբ ձվեր են նետել: Սարկոզիի թիկնազորն ու տեղի ոստիկանության աշխատակիցներն ստիպված են եղել նրան մոտակայքում գտնվող բարերից մեկը «մտցնել», հավաքվածները, սակայն, շարունակել են հետապնդել Սարկոզիին: Մի քանի հարյուր ցուցարարներ փորձել են բար ներխուժել, և այդ ժամանակ գործի են անցել հատուկ նշանակության զորքերը` ռետինի մահակներով: Սարկոզին ստիպված է եղել մոտ մեկ ժամ այդ բարում անցկացնել, դրանից հետո լքել քաղաքը: Ֆրանսիայի նախագահը բարում հարցազրույց է տվել լրագրողներին, որի ժամանակ ասել է, թե «սոցիալիստ ակտիվիստները (Սարկոզիի գլխավոր հակառակորդ Ֆրանսուա Օլանդը ներկայացնում է Սոցիալիստական կուսակցությունը) միացել են բասկ-անջատողականներին»: Ֆրանսիական հեռուստաալիքները հաղորդել են, թե Սարկոզին ասել է, որ չի ընկրկելու ազգայնական փոքարամասնությունների և խուլիգանների բռնարարքների առջև»: «Մենք Ֆրանսիայի Հանրապետության տարածքում ենք գտնվում Նախագահը երկրի ցանկացած շրջան գնալու է»,-ասել է Սարկոզին: Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. ապրիլին: Նշենք, որ Սարկոզիի հետ նման մի դեպք էլ տեղի էր ունեցել 2011թ. ամռանը. ֆրանսիական Բրա քաղաք կատարած այցի ժամանակ քաղաքացիներից մեկը բռնել էր Սարկոզիի օձիքն ու քաշել։ Ֆրանսիայի նախագահի թիկնազորը, սակայն, վայրկյանների ընթացքում «ազատել էր» Սարկոզիին ու ձերբակալել չարագործին։

No comments: