«Լրագիր» 13-3-2012- «Իրանի դեմ պատերազմ չի լինի: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի և Իսրայելի կողմից օդային կետային գրոհներին, դրա հնարավորությունը վերջերս հերքել է Հյուսիսատլանյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Իսկ Իսրայելը չի համարձակվի դիմել այդ քայլին, քանի որ մեր պատասխան քայլերն անկանխատեսելի կլինեն», - ասել է Հայաստանում Իրանի դեսպան Սաիդ Ալի Սաղայիանը Ռեգնումին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին զգուշացրել է, որ Իրանի դեմ իբր առաջիկա պատերազմի մասին խոսակցությունների պատճառով աճում են նավթի գները: «Նավթի գնաճի ամենագլխավոր պատճառն այս բոլոր խոսակցություններն են Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմի մասին: Հենց այդ պատճառով մենք փորձում ենք քչացնել այդ խոսակցությունները պատերազմի մասին», - ասել Օբաման ABC-ին տված հարցազրույցում:
Փորձագետներն ավելի շատ են հակվում մտքին, որ Իրանում պատերազմ չի լինի: Դա դրական է գնահատվում, բայց այդ ֆոնին կարող է փոխվել ուժերի տարածածաշրջանային հավասարակշռությունը, որի հիմքում վերջին ժամանակներս դրվել էր Իրանում պատերազմի հնարավորությունը: Ասենք, Իրանին հարվածելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր մասնակցությամբ էր պայմանավորված այդ երեք երկների միջև գրեթե ճգնաժամային հարաբերությունը: Ընդ որում, իրանա-ադրբեջանական հարաբերություններն այնքան են սրվել, որ թվում էր Իրանը շուտով կճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Դատելով նրանից, որ վերջերս տեղի ունեցավ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը և ստորագրվեցին որոշ փաստաթղթեր, Իրանում պատերազմի վտանգը նվազում: Այդ երեք երկրների բարեկամացում, իհարկե, պետք չէ ակնկալել, բայց եթե Իրանը վստահ լինի, որ պատերազմ չի լինի, որ Ադրբեջանն ու Թուրքիան թշնամիներ չեն դառնա իր համար, նա կարող է փոքր-ինչ «մեղմացնել» իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի շուրջ:
Ներկայում Իրանը հայտարարում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին և Ղարաբաղի հարցում կոշտ դիրքորոշում ունի. Թեհրանը դեմ է ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություններին, միջազգային ուժերի ներգրավմանը, և առավել ևս Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին:
Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների՝ մարտի 7-ին կայացած հանդիպմանը ընդունվեց որոշում, որով կողմերը շեշտում են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավական նորմերի հիման վրա: Մեկնաբանելով փաստաթուղթը, Հայաստանում Իրանի դեսպանը նշել է. «Իրանի ԱԳ նախարար Սալեհին հստակ նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»:
Ընդ որում, երեկ Իրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հատկանշական հայտարարություն է արել. նա ասել է, որ Իսրայելից գնած զենքը Բաքուն չի օգտագործի Իրանի դեմ: Նա հանդիպել է նախագահ Ահմադինեժադի հետ եւ վստահեցրել, որ Իրանի ու Ադրբեջանի միջեւ չկա որեւէ խնդիր: Աբիեւն ասել է, որ Ադրբեջանն իրավունք ունի վերականգնել իր ինքնիշխանությունը:
Իր հերթին, Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին նշել է, որ «Իսրայելից Ադրբեջանի զենք գնելու հարցը նոր չէ: Դա ոչ մի կապ չունի իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետ: Իրանը պատրաստ է Ադրբեջանին ցանկացած օգնություն ցուցաբերել ռազմական ոլորտում»:
Հատկանշական է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չի բացառում, որ հետագայում Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեւաչափին կմիանան նաեւ Հայաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը: Ըստ երեւույթին, նախարարները Նախիջեւանում խոսել են ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին:
Հռչակագրի երրորդ կետն ազդարարում է, որ «տարածածրջանային համագործակցության խթանման միջոցով խաղաղության եւ կայունության պահպանումը դրական ազդեցություն կունենա հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա եւ կծառայի ընդհանուր շահերին»:
Նաիրա Հայրումյան
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment