Thursday, March 8, 2012

Թուրքիայում առանց խտրականության և կառուցողական սահմանադրության կարիք կա. Արա Գոչունյան

1in.am.7-3-2012- Թուրքիայում առանց խտրականության և կառուցողական սահմանադրության կարիք կա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը` խոսելով Թուրքիայում մշակվող նոր սահմանադրությունից և դրանում փոփոխությունների անհրաժեշտությունից: Նա նշեց, որ վաղուց օրակարգում է Պոլսո Հայոց պատրիարքի պահանջը: Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական իշխանությունների հետ նոր Սահմանադրության մշակման շուրջ քննարկումների ժամանակ պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել այն կետը, ըստ որի՝ Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք: Խոսքը Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի մասին է, որը բխում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերից. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»: Արա Գոչունյանը հաստատեց, որ Թուրքիայում նոր սահմանադրության մշակման գործընթացում քաղաքացիության նման բանաձևերի փոփոխության կարիք ունի հասարակության մի լուրջ զանգվածը: «Փոփոխության ակնկալիքի հիմքում կա այն հանգամանքը, որ քաղաքացիության խնդրի մեջ շեշտադրումը չպետք է դրվի ազգային պատկանելության վրա, այլ ընդհանրապես երկրի քաղաքացի լինելու հանգամանքի վրա: Մարդիկ պահանջում են, որ Թուրքիայի քաղաքացիները բնորոշվեն որպես թուրքիացիներ, այսինքն` Թուրքիայի քաղաքացիներ»,- մեկնաբանեց թերթի գլխավոր խմբագիրը`հավելելով, որ հարցը կայանում է նրանում, որ քաղաքացիները չպետք է դասվեն ըստ իրենց ազգային պատկանելության կամ դավանանքի, այլ ընդունվեն, որպես Թուրքիայի իրավահավասար քաղաքացիներ: Ըստ Ա. Գոչունյանի` այս ամենը վերաբերում է ոչ թե գրված օրենքներին, այլ գործածական շատ հարցերի: «Մարդիկ ցանկանում են, որ սահմանադրությունն այնպիսի ոգի արտահայտի, որի հիմքում ազատությունն ու կառուցողականությունն է»,- նշեց Արա Գոչունյանը: Նա կարևորեց այս հարցը՝ ասելով, որ նոր սահմանադրությունը մի նոր շրջանի սկիզբ է բնորոշելու երկրում հասարակության բոլոր խավերի համար ազատությունների տեսակետից և այդ ազատությունների ամրապնդումը առաջին հերթին ենթադրում է որոշ խտրականությունների վերացում: Ի դեպ, ներկայումս Թուրքիան նոր Սահմանադրության մշակման համար ուսումնասիրում է 60 երկրների սահմանադրություն:

No comments: