Tuesday, March 13, 2012

ՀԱՊԿ զորքը լռության ներքո կմտնի Հայաստան

«Լրագիր» 12-3-2012- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ժամանել է Երեւան եւ Հայաստանի ղեկավարության հետ քննարկում է ՀԱՊԿ նոր ռազմավարությունն ու պլանավորման հարցերը: Մի քանի օր առաջ, Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ շրջանակում քննարկվում է այդ կառույցի նորաստեղծ արագ արձագանքման ուժերը ՀԱՊԿ անդամ երկրների ներքին հասարակական կարգի պահպանության կամ վերականգնման գործում կիրառելու մեխանիզմի հարցը: «Հարկ է, որ լինեն մեխանիզմներ. Եթե երկրի իրավապահ մարմինները չեն կարողանում երկրի կյանքը բերել քաոսից դեպի նորմալ հուն, ապա ՀԱՊԿ-ը կարող է օգտագործել իր պոտենցիալը», հայտարարել էր Բորդյուժան: Այժմ նա Երեւանում է եւ Հայաստանի ղեկավարության հետ քննարկում է ՀԱՊԿ նոր ռազմավարությունը, այդ թվում նաեւ առաջիկայում Հայաստանում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժության հարցը: Արդյոք Հայաստանում Բորդյուժայի քննարկումները ներառում են ՀԱՊԿ երկրներում կարգուկանոնի հաստատման հարցում արագ արձագանքման ուժերի կիրառման մեխանիզմի հարցը: Երեւանում Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր ռազմավարությունը պետք է կառուցել մերօրյա աշխարհաքաղաքական իրավիճակին համահունչ: Ինչ նկատի ունի Բորդյուժան: Արդյոք այն զարգացումները, որոնք հանգեցնում են տասնամյակներ շարունակ անվերապահ կառավարող ռեժիմների անկմանը: Պաշտոնական Երեւանը չարձագանքեց օրեր առաջ Բորդյուժայի արած հայտարարությանը, թե ՀԱՊԿ շրջանակում քննարկվում է արագ արձագանքման ուժերի «ներքին կիրառման» մեխանիզմի հարցը: Երեւանը չասաց՝ ինքը կա արդյոք այդ քննարկումներում, թե չի մասնակցում սկզբունքորեն դեմ լինելով, որ օտար զորքեր միջամտեն երկրի ներքին գործերին, թեկուզ հասարակական անվտանգությունը վերականգնելու նպատակով: Երեւանն այդ ամենը մատնեց լռության, իսկ այսօր հյուրընկալել է Բորդյուժային եւ նրա հետ քննարկում է ՀԱՊԿ նոր ռազմավարությունն ու պլանավորւմը: Ընդ որում, Բորդյուժան այդ քննարկումները սկսում է Երեւանից: Դրանում առաջիկա ընտրությու՞նն է դեր կատարում, թե այն, որ Սերժ Սարգսյանը նոր է վերադարձել Բրյուսելից, որտեղ բարձր մակարդակի հանդիպում է ունեցել Եվրամիության եւ ՆԱՏՕ ղեկավարների հետ: Հատկանշական է նաեւ, որ արագ արձագանքման ուժերը ՀԱՊԿ անդամ երկրների ներքին զարգացումներում կիրառելու մեխանիզմի շուրջ քննարկումների մասին Բորդյուժայի օրեր առաջ արած հայտարարությունը գրեթե անարձագանք մնաց նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում: Հատկապես հետաքրքրական է Հայ ազգային կոնգրեսի լռությունը, այն դեպքում, երբ Կոնգրեսը Մարտի 1 «տեսած» ուժ է, ընդ որում ուժ, որը Մարտի 1-ին նաեւ ռուս «ինստրուկտորների» ներկայություն էր արձանագրել քաղաքացիների դեմ դուրս բերված ուժերի շրջանում: Թվում է, որ այդ պատմության կրկնության ամենաաննշան նշույլն իսկ պետք է բավական արագ արձագանքի արժանանա Կոնգրեսում, բայց Կոնգրեսն էլ իշխանության նման լուռ էր: Կարծես թե լռություն էին պահպանում նաեւ Դաշնակցությունն ու Ժառանգությունը, թեեւ խոսքը փաստացի վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին օտար զորքի ներգրավվածությանը: Եվ դա այն դեպքում, երբ այդ երկու ուժն էլ քննադատում էին հենց այդ օրերին խորհրդարան բերված Արտակարգ դրության մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բանակի ներգրավում արտակարգ իրադրությանը: Զարմանալիորեն լուռ էր նաեւ Բարգավաճ Հայաստանը, որն այդ օրերին արդեն իսկ բավական ծանրակշիռ արտաքին համալրում էր ստացել եւ Բորդյուժայի հայտարարությանն արձագանքելը թերեւս հիանալի առիթ էր այդ համալրման օգտակար գործողության գործակիցը հանրությանը մատուցելու համար: Բայց ԲՀԿ-ն էլ պահպանեց լռությունը: Եվ համատարած լռության պայմաններում Բորդյուժան այժմ Հայաստանում է եւ պաշտոնական Երեւանի հետ ՀԱՊԿ նոր ռազմավարությունն ու պլանավորումն է քննարկում, այն «աշխարհաքաղաքական իրավիճակի հետ համահունչ դարձնելու» նպատակադրությամբ: Եվ եթե չորս տարի առաջ միայն թաքնված տեսախցիկներով էր հնարավոր եղել ֆիքսել ռուս սպաների ներկայությունը մարտիմեկյան Երեւանում, ապա ներքաղաքական «երգչամբային» լռության շնորհիվ, մոտ ապագայում հավանաբար հնարավոր կլինի նույնիսկ հարցազրույցներ վերցնել Երեւանի փողոցներում կանգնած ռուս, բելառուս կամ ղազախ սպաներից, որոնք կպատմեն, թե ինչպես են տուն, տեղ, ընտանիք թողած եկել Հայաստան, որ ապահովեն բարեկամ հայ ժողովրդի ներքին անդորրն ու կայունությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: