Thursday, March 8, 2012

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումն անընդունելի է. Սարկոզին հանդիպել է հայ համայնքի հետ

Մարտի 7-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) պատվիրակությանը և Փարիզում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանին: Հանդիպման ընթացքում Սարկոզին հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք առաջարկելու իր մտադրությունը: Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ասել է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում մտադիր է Հայոց ցեղասպանության հետ կապված նոր օրինագիծ առաջարկել: Սարկոզին ասել է, թե անընդունելի է Ֆրանսիայի տարածքում հայ ժողովրդի ապրած ցեղասպանության իրողությունը ժխտումը: Պատվիրակության կազմում են եղել այնպիսի անվանի հայազգի գործիչներ, ինչպիսիք են ֆրանսահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանը, Շառլ Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանը և Պատրիկ Դևեջյանը: Վերջինս ֆրանսահայ քաղաքական գործիչ է, 1990-ականներից Սարկոզիի մտերիմ խորհրդականն է, եղել է նաև նախարար: Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։ Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել էին Սահմանադրական խորհրդում, եւ խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական էր ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Դրանից հետո Սարկոզին կարգադրել է կառավարությանը նոր օրինագիծ պատրաստել, այդուհանդերձ կառավարությունը հայտնել է, որ այդ օրենքը չի կարող քննարկվել մինչեւ ընթացիկ խորհրդարանական նստաշրջանի վերջը, որն ավարտվել է երեքշաբթի օրը, եւ հետեւաբար կհետաձգվի մինչեւ մայիսին եւ հունիսին Ֆրանսիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո կայանալիք խորհրդարանական նիստերը:

No comments: