Panorama.am. 10-3-2012- Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից Նախիջևանում արված հայտարարությունով ամրագրվեց այն պայմանավորվածությունը, որ հիշյալ երկրները չեն տրամադրելու իրենց տարածքները` միմյանց դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար: Այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
Ըստ բանախոսի` նախիջևանյան հայտարարության մյուս կարևոր կետերը վիզային ռեժիմի աստիճանական վերացումն է և տնտեսական համագործակցության զարգացումը` հատկապես Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու և Թավրիզ-Ջուլֆա-Կարս երկաթգծերի միացման ծրագրերը:
«Ընդհանուր առմամբ` հանդիպումը միտված է եղել երեք երկրների միջև եղած լարվածության մեղմացմանը: Այն ռազմավարական նպատակներ չէր հետապնդնում և կրում էր ավելի շատ պրատակոլային բնույթ»,- կարծիք հայտնեց փորձագետը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հայտարարությանը, Ռ.Յարալյանը նկատեց, որ Իրանը ղարաբաղյան հարցում միշտ էլ առաջարկել է իր միջնորդությունը, սակայն հայտնի է, որ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս` ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ Նախիջևանում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Սալեհին արցախյան հակամարտության մասով հավասարակշռված հայտարարություն է արել` նշելով, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային նորմերին համապատասխան:
Խոսելով տրանսպորտային նոր նախագծերի մասին, փորձագետը նշեց, որ եթե երկաթգծերի միացման այս ծրագիրն իրականանա, Հայաստանն ավելի ուժեղ շրջափակման մեջ կհայտնվի: «Դրանից խուսափելու համար Հայաստանը պետք է ակտիվացնի և կյանքի կոչի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքները», - ասաց Սարգիս Ասատրյանը:
Sunday, March 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment