«Լրագիր» 11-3-2012- Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բաց նամակում ջախջախել է այն վիճակագրական տվյալները, որոնք Սերժ Սարգսյանը ներկայացրել է որպես իր կառավարության տնտեսական ձեռքբերումներ: Բագրատյանը հաշվել է, որ դոլարային արտահայտությամբ այդ ձեռքբերումները գրեթե զրոյանում են: Բացի այդ, Բագրատյանն ասում է, որ սոցիալական ծախսերը հիմնականում արվել են պետական պարտքի մեծացման հաշվին:
Սակայն, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը փորձել է աճի եւ զարգացման առկայությունն ապացուցել ամենեւին էլ ոչ Բագրատյանին, ով վարչապետ էր 1990-ականների առաջին կեսին: Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները համեմատել է այն շրջանի հետ, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, կարելի է պնդել, որ դա 5 տարվա հաշվետու զեկույց էր եւ համապատասխանաբար տվյալները բերվում են 2007 թ հետ համեմատած: Սակայն այն, որ Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականության գլխավոր ընդդիմախոսը Ռոբերտ Քոչարյանն է, որոշակիորեն փոխում է պատկերը: Սարգսյանին անհրաժեշտ է նախապես չեզոքացնել Քոչարյանի գլխավոր փաստարկը՝ իր նախագահության շրջանի տնտեսական հաջողությունները:
Փաստացի, Սերժ Սարգսյանը առաջին անգամ հայտարարել է, որ Քոչարյանի ժամանակ եւ նրանից հետո երկիրը խորը տնտեսական ճգնաժամում է եղել, եւ պետությունն ամուր չի եղել: Նա ասում է, որ այդ 5 տարիների ընթացքում մեզ հաջողվել է դուրս գալ ճգնաժամից, ամրապնդել պետությունը, բարձրացնել մակրոտնտեսական ցուցանիշերը, եւ այժմ եկել է քաղաքացու մասին մտածելու ժամանակը, որ տնտեսական աճը արտացոլվի մարդկանց կենսամակարդակի վրա:
Հրանտ Բագրատյանը, խոստովանելով, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը չէ, կարծում է, որ ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանին թվերի հարցում մոլորության մեջ է գցել: Նա կարծում է, որ Սարգսյանի նախագահության տարիներին մեծ հաջողությունների չի հաջողվել հասնել:
Թերեւս, պետք է սպասել, որ Սերժ Սարգսյանի, ավելի շուտ, Տիգրան Սարգսյանի վիճակագրական հաշվարկները առավել մանրամասն կհերքի Վարդան Օսկանյանը, ով, գլխավորելով Սիվիլիթաս հիմնադրամը, բազմիցս քննադատությամբ է հանդես եկել կառավարության տնտեսական քաղաքականության հասցեին: Տնտեսական հաջողությունները համարվում են Ռոբերտ Քոչարյանի գլխավոր հաղթաթուղթը, եւ իր սակավաթիվ հրապարակային ելույթներում նա մեկ անգամ չէ մատնանշել, որ իր տնտեսական քաղաքականությունն ավելի ճիշտ է եղել: Ավելին, մի քանի տարի առաջ Տիգրան Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ լեռվակռիվ է եղել, եւ Ծառուկյանն ասել է, որ կառավարությունը ճիշտ կանի հրաժարական տա:
Սերժ Սարգսյանի համար, իհարկե, լավ ելույթներ են գրվում: Եվ այն թեզը, որ մարդիկ հետայսու իրենց վրա կզգան տնտեսական բարեփոխումների արդյունքները, ակնհայտորեն հասարակության առարկությունների պատասխանն է: Ժողովուրդը, լսելով կառավարության խելացի ելույթները, տեսնում է միայն անընդհատ աճող գներ, օլիգարխների, մենաշնորհատերերի եւ բանկերի ամրապնդում: Ահա թե ինչու ժողովուրդը չի հավատում կառավարությանը, չնայած Սերժ Սարգսյանի զեկույցի հեղինակը փորձում է այնպես ներկայացնել, իբր ժողովուրդը չի հավատում երկրին:
Իրականում մարդիկ չեն ասում՝ սա երկիր չէ, նրանք ասում են՝ սա իշխանություն չէ: Եթե իշխանությունը մասին չի մտածում այն մասին, որ բարձրացնի մարդկանց կենսամակարդակը, ապա ինչի՞ մասին է մտածում: Եվ նրանք չեն հավատում իշխանությանը: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ հենց դա է դառնալու գալիք ընտրությունների խնդիրը: Նոր պայմաններում իշխանությունը չի կարող դիմել հին մեթոդների լրիվ կազմին՝ վարչական ռեսուրս, կաշառք, քրեականների օգնություն, նրան պետք է, որ թեկուզ ընտրազանգվածի մի մասը հավատա եւ ինքնակամ գնա ընտրատեղամասեր եւ քվեարկի ՀՀԿ օգտին:
Սակայն Սարգսյանի ելույթին առաջին արձագանքը խոսում է այն մասին, որ, ըստ ամենայնի, հարկ է լինելու վերադառնալ հին մեթոդներին, որոնք արդեն փլուզվում են: Նա կամ կմնա դրանց փլատակների տակ, կամ էլ նրա բավական հմուտ քաղտեխնոլոգներին հարկ կլինի քամել այն Հանրապետական կուսակցությունից, որին իրականում ոչ ոք չի հավատում, նույնիսկ երիտասարդացումից հետո:
Նաիրա Հայրումյան
Monday, March 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment