Monday, April 16, 2012

Իրանը գոհ է «վեցյակի» հետ 10 ժամ տևած հանդիպման արդյունքներից

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին շաբաթ Ստամբուլում միջնորդ «վեցյակի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իսլամական պետության իշխանությունները գոհ են միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցություններից: «Բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել: Իհարկե, եղել են տարակարծություններ, սակայն կարևորն այն պահերն են, որոնց ժամանակ մենք համաձայնության ենք եղել»,- 10 ժամ տևած բանակցություններից հետո լրագրողներին ասել է Ջալիլին` հույս հայտնելով, որ բանակցությունների հաջորդ «ռաունդն» առավել պտղաբեր կլինի: Ստամբուլյան հանդիպմանը «վեցյակի» պատվիրակությունը գլխավորել է Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նա հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը ողջունում է Իրանի հետ երկխոսության շարունակությունը և ընդգծում դրա կառուցողականությունը: Էշթոնը նաև հայտնել է, որ Իրանի ու «վեցյակի»` Գերմանիայի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի մայիսի 23-ին, Բաղդադում:

No comments: