Monday, April 16, 2012

Ադրբեջանը երկկողմանի ագրեսոր. Ադրբեջանը իրականում պատրաստվում է այլ պատերազմի

Արդեն երկար ժամանակ է` ԶԼՄ-ներում տարբեր վերլուծաբանների և փորձագետների կողմից քննարկվում է Ադրբեջանի կողմից Իսրայելից ձեռք բերված 1,6 մլրդ դոլարի սպառազինության հարցը: Ի սկզբանե առաջին խնդիրը այն էր, թե այդ սպառազինությունը ում դեմ է ուղղված: Քանի որ ներկայումս տարածաշրջանում ամենաառարկայական հիմնախնդիրը Իրանի հարցն է, ապա քննարկվեցին նախ Իրանի և հետո ԼՂՀ-ի հետ կապված վտանգները: Հետաքրքիրն այն էր, որ իսրայելական փորձագետները պնդում են, որ ձեռք բերած զինատեսակները հիմնականում ուղված են Հայաստանի դեմ, նույնը պնդեցին նաև Ադրբեջանի պաշտոնյաները` մասնավորեպես փորձելով փարատել Թեհրանի անհանգստությունները: Ադրբեջանի և մասնավորապես Իսրայելի կողմից նման հայտարարությունները մի փոքր անհեթեթ են թվում, երբ իրերին ավելի մոտիկից ենք նայում: Վերլուծական կենտրոնների և պաշտոնական հաղորդագրությունների համաձայն`այդ մեծաքանակ գումարով Ադրբեջանին բացի նախկին բազմազան ռազմական միջոցների մատակարարումներից հիմնականում մատակարարվելու է հականավային «Gabriel-5» հրթիռներ, նավային ՀՕՊ-ի «Barak» հրթիռներ, ռադիոտեղորոշման «Green Pine (EL/M-2080)» կայաններ, «Heron» և «Searcher» անօդաչու թռչող սարքեր և այլն: Դժվար չէ կռահել, որ ծովային հրթիռները, մասնավորապես, չեն կարող կիրառվել Հայաստանի դեմ: Մեր դեմ կիրառության համար չեն նախատեսված նաև անօդաչու թռչող սարքերը, որոնք ունեն մի քանի հազար կմ թռիչքի հեռավորություն: Սակայն այս առումով միանշանակ պնդել, որ դրանք հենց ուղված են Իրանի դեմ վերին աստիճանի պարզունակ կլիներ: Պարզ է մի բան, որ դրանք կիրառվելու են Կասպից ծովի ավազանում, այսպես կոչված Ադրբեջանական նավատորմի համար: Նշենք նաև, որ Ադրբեջանը այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ է տանում դեռ վաղուց: Կասպից ծովի ավազանի երկրների մեջ Ադրբեջանը առաջինն է ստեղծել ծովային հատուկ ստորաբաժանում, պայթեցնող լողասուզակներով և հատուկ սարքավորումներով: Արդեն վաղուց է, որ ծովի ուղղությամբ հետախուզական թռիչքներ են կատարում «Hermes-450» անօդաչու սարքերը: Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է ծովային հետախուզության և վերահսկողության հատուկ սարքեր և այլն: Իսրայելը խոստացել է նաև փոխանցել ռադիոհետախուզության կայաններ: Բնական հարց է առաջանում, սակայն, ինչի համար են կատարվում այս թանկարժեք քայլերը և ում դեմ է ուղված այս ամենը: Ինչպես հայտնի է, Կասպից ծովի ջրային տարածքների հարցը մնում է չլուծված: Ոչ մի կերպ չի հաջողվում համաձայնության գալ ջրային սահմանների սահմանազատման հարցում, որը հատկապես կարևոր է նավթահանքերի շահագործման համար: Տարաձայնություններ կան բոլոր Կասպյան հինգ երկրների մեջ էլ: Գնալով այդ տարաձայնությունները սաստակնում են` նորից կապված նավթահանման ծավալների աճի և նոր հանքերի որոնմանը զուգահեռ: Կողմերը, հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև Իրանին հասցվելիք հնարավոր հարվածը, առանց մեծ աղմուկի մեծացնում են իրենց ռազմական ներուժը Կասպից ծովում: Տարաձայնությունները սաստկանում են մասնավորապես Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև: ՌԴ-ը ակտիվորեն ուժեղացնում է իր կասպիական նավատորմը: Նավատորմի կազմի մեջ են մտել «Татарстан» և «Дагестан» հրթիռային նավերը: Կասպից ծովի համար չափազանց հզոր ափամերձ պաշտպանության «Бастион» համակարգը, որի «Яхонт» հականավային հրթիռները կարող են արձակվել ողջ ծովի երկայնքով ու լայնքով: Հատուկ նշենք, որ նման հրթիռային համակարգերի կարիք Ռուսաստանը շատ տեղերում ունի, սակայն դրանք շատ սակավ են: Ոչ մի ծովում կամ օվկիանոսում ռուսական նավատորմերը նորագույն զենքերի նման քանակ չեն ստանում: Բոլորովին վերջերս ռուսական կասպյան նավատորմի կազմում ստեղծվել են նաև զրասուզակների հատուկ ստորաբաժանումներ: Ամենահետաքրքիրը, սակայն, Կասպյան երկրների մեջ Թուրքմենական ծովուժն է, որը մինչև 2000 ական թվականները իրենից գրեթե ոչ մի ուժ չէր ներկայացնում: Սակայն 2002թ. Թուրքմենստանն Ուկրաինայից ստացել է տասնյակ պարեկային նավակներ, մեկ տարի անց նման նավակներ է ստացել Իրանից: Հետագայում ավելի ժամանակակից նավակներ է ստացել ԱՄՆ-ից` «Point Jackson» և ՌԴ-ից` «Соболь»: 2011թ. ՌԴ-ից ստացել են ավելի ժամանակակից և հզոր հրթիռային նավակներ` «Молния (1241)» նախագիծ: 2012թ. Թուրքմենստանը որոշում է կայացրել կառուցել սեփական նավեր: Բացի դրանից, թուրքմենական ՌՕՈւ-ը, որոնք համարվում են երկրի ամենամարտունակ զորատեսակը, ակտիվորեն մասնակցում են ծովային հսկմանը և պարբերաբար թռիչքներ են կատարում այդ գոտում: Դրանք հիմնականում զինված են խորհրդային արտադրության, սակայն, կատարելագործված «МиГ-29» կործանիչներով և «Су-25» գրոհիչներով: Կան նաև այլ սարքեր, օդաչուները ակտիվորեն պատրաստվում են: Հետաքրքիր են նաև 2011թ. սեպտեմբերին ՌԴ-ի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի կողմից անցկացված համատեղ «Центр-2011» զորավարժությունները: Այս զորավարժությունների ժամանակ հետ մղվեց մերձկասպյան հարավ-արևելյան հատվածի վրա պայմանական հակառակորդի ծովային և ցամաքային հարձակումը: Ահա այս տեսանկյունից դիտարկոլով է, որ պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը ակտիվորեն սպառազինվում նաև ծովային սպառազինությամբ, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհին և մասնավորապես իր բնակչությանը ներկայացնում թե հիմնական խնդիրը Հայաստանն է և ամեն ինչ նախատեսված է միայն Արցախի գրավման համար: Եթե խնդրին մոտենում ենք այս տեսանկյունից, ավելի պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը գնում նույն «МиГ-29» կործանիչներից, դրանք ինչու են հիմնականում տեղակայված Ափշերոնի թերակղզում և ուսումնամարզական թռիչքներ կատարում Կասպից ծովի վրա կամ վթարվելով ինչու են ընկնում հենց Կասպից ծով: Ինչու են նորագույն ՀՕՊ միջոցները ևս տեղակայված Ափշերոնի վրա: Փաստորեն, ամեն ինչ խոսում է այն մասին, որ Կասպից ծովի ավազանում կա լարում և նախապատրաստվում է լուրջ բախում: Այդ բախումը կարող է առարկայական լինել կապված Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանին այնքան անհրաժեշտ նոր նավթահանքերի հետ կապված զարգացումների համատեքստում: Ինչպես պնդում են տնտեսագետները և քաղաքագետները` Ադրբեջանը այլևս չունի նոր նավթահանքեր, իսկ եղածները արագ դատարկվում են: Փաստորեն, Ադրբեջանի հասարակությունը և միջազգային հանրությունը ամեն օր լսում են «ալիևյան» հոխորտանքները կապված Արցախի հետ և սպառազինումը նախ կապվում է այս հարցի հետ, քանի որ դա շեղելու մի միջոց է նաև: Ադրբեջանը իրականում պատրաստվում է այլ պատերազմի կամ նաև այլ պատերազմի, ինչը միայն կարող է խոսել մեկ բանի մասին` թե ով է սպառնում տարածաշրջանի անվտանգությանը: Արցախը այս դեպքում հանդիսանում է թեկուզ ժամանակավոր քողարկման միջոց, քանի որ առանց նավթի Ադրբեջանական տնտեսությունը ոչինչ է, իսկ այդ նավթը արդյունահանվում է հենց Կասպից ծովից: Մինչև նավթի հարցը վերջնական չլուծվի մնացածը լուծել հնարավոր չի լինի: Իհարկե` սա չի նշանակում, որ Ադրբեջանը Արցախյան հարցում հերյուրանքով է զբաղված, հիմնական ձեռքբերումները էլի ուղված են մեր դեմ, իսկ Կասպից ծովում դիպուկահարների գնդակներից թուրքմեններ չեն զոհվում, սակայն մենք ոչ հեռու անցյալում կարող ենք ականատես լինել նաև այլ պատերազմի: Այսինքն Ադրբեջանը պետք է նախ կատարի մեկ այլ ագրեսիա որպեսզի ապահովի նախորդ ագրեսիայի շարունակության հնարավորությունը: Այս ամենից մենք ևս պետք է կատարենք համապատասխան քաղաքական և ռազմական հետևություններ: Հեղինակ` Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյան

No comments: