Monday, April 16, 2012

Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արևմտահայերենը. Ավիկ Մարության

Tert.am. 15-4-2012- Խոսելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին, հիմնականում արձանագրում ենք հայության ֆիզիկական ոչնչացման փաստը: Բայց քիչ ենք խոսում հայ ժողովրդի մշակութային արժեքների սպանդի` էթնոցիդի մասին, գրեթե չենք բարձրաձայնում լեզվական ցեղասպանության մասին: Ի պատասխան Tert.am-ի այս դիտարկմանը, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավիկ Մարությանը նկատեց. «Ճիշտ եք, և դա այն դեպքում, երբ ունեցել ենք մշակութային վիթխարի կորուստներ, իսկ մշակույթի բարձրագույն արտահայտությունը, ավելին` ժողովրդի լինելության հիմքը, լեզուն է: Մենք խոսում ենք հայոց եկեղեցիների ավերի մասին, բայց չենք խոսում ցեղասպանության հետևանքով մեր լեզվի կորստի մասին, իսկ առանց լեզվի չկա ո՛չ ժողովուրդ, ո՛չ հայրենիք: Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արևմտահայերենը, ինչպես նաև բազմաթիվ արևմտյան բարբառներ»: Ա. Մարությանը նաև հիշեցնում է, որ միջազգային ընդունված եզրույթով` լեզվական ցեղասպանությունը կոչվում է լինգվոցիդ, որը վարչական, քաղաքական, տնտեսական միջոցառումների այն ամբողջությունն է, որի նպատակն է ոչնչացնել տվյալ լեզուն իր գործածության տարածքում: Եվ բարբարոս քոչվորը գործեց իրեն հատուկ ձեռագրով.«Չկա լեզվակիրը, չկա և լեզուն: Թուրքիան իրականացրեց պետականորեն ծրագրված, բազմաշերտ, համակողմանի մտածված ցեղասպանություն, որի նպատակն էր արմատախիլ անել այն ամենը, ինչը կարող էր հիշեցնել բնիկ տերերի` հայերի գոյությունը»: Հայտնի է, որ 1915 թվականին թուրքական կառավարությունը տարածեց մի հրահանգ, որով արգելվեց խոսել հայերեն: «Հայերեն յոթ բառ ասելն արդեն իսկ համարվում էր հայհոյանք: Հիշատակված է, որ կոտորածից փրկված հայ ընտանիքներին նավի մեջ կտոր-կտոր են արել ու ծովը նետել միայն այն բանի համար, որ հանդգնել են խոսել հայերեն»,-ասում է հրապարակախոսն ու հավելում՝ ոչնչացումից փրկվելու համար բազմաթիվ հայեր ստիպված էին մոռանալ մայրենին, կրոնափոխ լինել: «Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ վայրերում այսօր բնակվող իսլամացած հայերը ցեղասպանությունից փրկված բնիկ հայ ժողովրդի ժառանգներն են»: Անդրադառնալով արևմտահայերենին, լեզվաբանը նկատում է. «Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքի մեծ մասն է, բնականաբար, արևմտյան բարբառներն էլ կազմել են հայոց բարբառների զգալի մասը: Տասնյակ բարբառներ ենք անվերադարձ կորցրել: Ժամանակին ՀՀ ԳԱԱ-ն նպատակ ուներ ստեղծելու լեզվագիտական ատլաս, որը ներկայացներ, թե ցեղասպանության հետևանքով դեպի ո՞ւր տեղահանվեց, որտե՞ղ ապաստանեց այս կամ այն բարբառը կրող հայ բնակչությունը, ո՞ր բարբառակիրներին է հաջողվել պահպանել իրենց բարբառը: Սակայն այդ նախաձեռնությունն այդպես էլ չվերաճեց գործի: Եվ այսօր մենք չունենք անգամ բարբառների համահավաք, ամբողջական մի ժողովածու»: Խոսում ենք ցեղասպան Թուրքիային միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտության մասին, մոռանալով, որ բարբառագիտական ատլասը կլիներ իրավական այն փաստաթղթերից մեկը, որով միջազգային դատարանում կհնչեցվեր հարցը` ո՞ւր անհետացավ այս բարբառները կրող բնիկ հայ ժողովուրդը: Tert.am-ի հարցին, թե, այնուհանդերձ, այսօր հնարավո՞ր է արևմտյան բարբառների հավաքում, երբ բարբառակիրն է ոչնչացվել, Ավիկ Մարությանը պատասխանեց. «Այդ իմաստով մեր բարբառների 30% տոկոսը կարելի է համարել անվերադարձ կորած: Բայց մենք պարտավոր ենք գնալ եղածի հետքերով և փրկել այն, ինչ կա: Հիշեցի Գուրգեն Սևակի խոսքերը. «Մեզանում բարբառներն ուսումնասիրված են լայնությամբ, բայց ոչ խորությամբ», խոսքս վերաբերում է հենց խորությամբ ուսումնասիրմանը: Ի դեպ, բարբառների խորքային ուսումնասիրությունը շատ կարևոր է նաև լեզվի ու այն կրող ժողովրդի պատմության կնճռոտ էջերի բացահայտման առումով, չէ՞ որ բառը տվյալ ժողովրդի կենսագրությունն է: Կարծում եմ` բարբառների հավաքման հարցում մեծ դեր կարող են ունենալ նաև հայրենակցական միությունները, որ միավորում են Արևմտյան Հայաստանի հայության ժառանգներին»-եզրափակեց դոցենտ, հրապարակախոս Ավիկ Մարությանը:

No comments: