Monday, April 16, 2012

Ադրբեջանը զինվում է Հայաստանի, մի քիչ էլ` Իրանի դեմ. ամերիկացի փորձագետ

Tert.am. 16-4-2012- EurasiaNet-ի կայքում հրապարակվել է Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերայի հոդվածը` Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու և դրա կիրառման հնարավոր ուղղությունների մասին: «Այն պահից, երբ Իսրայելը հայտարարեց Ադրբեջանին 1.6 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու մասին, Բաքուն փորձում է շարունակել համոզել Թեհրանին, թե այդ զենքները պետք են ոչ թե Իրանի դեմ պատերազմելու համար, այլ Հայաստանի դեմ օգտագործվելու` Լեռնային Ղարաբաղի խնդրով»,- գրում է Կուչերան: Փորձագետը նշում է, որ այստեղ մի կետ կա, որ կարող է մտահոգել Թեհրանին: «Թուրան» գործակալության տվյալներով` գնված զինամթերքը ներառում է մինչև 5 հատ Searcher և Heron տիպի անօդաչու ինքնաթիռներ, Barak-8 համակարգեր, և Green Pine ռադարային համակարգեր: «Այս բոլոր զենքներն էլ կարող են օգտագործվել ինչպես Հայաստանի դեմ, այնպես էլ ցանկացած թշնամու դեմ:Բայց օրինակ Gabriel տիպի հրթիռների հարցը` վիճելի է: Հայաստանը նավատորմ չունի և դրանք կարող են օգտագործվել միայն Իրանի դեմ»,- գրում է Կուչերան: Փորձագետի պնդմամբ` սա չի նշանակում, որ Բաքուն պատրաստվում է մասնակցություն ունենալ իսրայելյան կամ ամերիկյան կողմի հնարավոր հարձակմանը Իրանի դեմ: Բաքում պարզապես զգուշանում է Իրանի կողմից Կասպիցի նավթագազային ենթակառույցների հանդեպ ունեցած պահանջներից: «Կասպիական շրջանում ոչ ոք առանձնապես չի վստահում Իրանին և սա կարելի է հասկանալ: Բայց այդ թեման, ամեն դեպքում, կքննարկվի իրանցի և ադրբեջանական պաշտոնական դեմքերի հանդիպման ընթացքում»,- եզրափակել է նա:

No comments: