Thursday, May 17, 2012

Ամերիկյան դատարանը Սիրիային և Իրանին պարտավորեցրել է 332 մլն դոլար վճարել ահաբեկչության զոհի ընտանիքին

Tert.am. 16-5-2012- Ամերիկյան դատարանը Սիրիայի և Իրանի իշխանություններին պարտավորեցրել է 332 մլն դոլար փոխհատուցում վճարել Վուլցերի ընտանիքին, որի 16-ամյա որդին՝ ԱՄՆ-ի քաղաքացի Դենիելը, 6 տարի առաջ զոհվել էր Թել Ավիվում իրականացված ահաբեկչության հետևանքով, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Դատարանը որոշել է, որ հենց Իրանն ու Սիրիան պետք է նյութական պատասխանատվություն կրեն 2006-ի ապրիլի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքների և տուժածների առաջ: Այն ժամանակ մահապարտ ահաբեկիչը մեխերով և այլ խոցող տարրերով ռումբ էր պայթացրել Թել-Ավիվի սննդի կետերից մեկում: Պայթյունից 11 մարդ էր զոհվել, 60-ը` այդ թվում՝ Դենիելի հայրը, վնասվածքներ էին ստացել: Մահացած անչափահասի ընտանիքը քաղաքացիական հայց էր ներկայացրել Կոլումբիայի շրջանային դատարան՝ այն ամերիկյան հակաահաբեկչական օրենքի շրջանակներում, որը ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլ է տալիս դատի տալ ինքնիշխան երկրներին, որոնք հովանավորում են ահաբեկչությունը: Իրանն ու Սիրիան ահաբեկչությունը ֆինանսավորող երկրների ամերիկյան ցուցակներում են: Վուլցերի հայցում հատուկ ընգծված են ահաբեկչության զոհ որդու տառապանքները. Դենիելը մահացել էր ահաբեկչությունից մոտ մեկ ամիս անց:

No comments: