Wednesday, May 16, 2012

Կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր լինել Հայաստանի համար. ԵՄ

Tert.am. 16-5-2012- Կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ Հայաստանի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, ասվում է Եվրահանձնաժողովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցչի` 2011թ.-ին Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման վերաբերյալ այսօր հրապարակած համատեղ փաստաթղթում: Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթը. «Հայաստանը Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում զբաղեցնում է 129-րդ տեղը: Երկրի իշխանությունները պարբերաբար և հրապարակայնորեն հայտնում են կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամության մասին: Սակայն, չնայած մի շարք կարևոր օրենսդիր ակտերի ընդունմանը, GRECO-ի, OECD-ի և այլ միջազգային կառույցների առջև պարտավորությունների կատարմանը, կոռումպացված պաշտոնյաների կալանքների և պատասխանատվության ենթարկելու դեպքերի թվի աճին, հայ հասարակության տարբեր շերտերի կողմից կոռուպցիայի ընկալման մեջ դրական փոփոխություններ չեն նկատվել, և կառավարության ջանքերը բավական չէին իրավիճակը փոխելու համար: Արդյունավետ իրագործման պակաս կա: 2004 թ.-ին ստեղծված հակակոռուպցիոն համակարգող մեխանիզմը թույլ է: Կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների աջակցության համար միջոցներ կամ ինստիտուցիոնալ աջակցություն չի հատկացվել: Մայիսին ՀՀ Ազգային ժողովը հանրային ծառայության մասին օրենք է ընդունել: 2012 թ.-ից սկսած` եկամուտների և գույքի հայտարարագրեր կներկայացնեն միայն բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք: Տվյալ օրենքը մի քանի թերություններ ունի` Էթիկայի հանձնաժողովի իրավասությունների հետ կապված»:

No comments: