Thursday, May 31, 2012

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը

Tert.am. 31-5-2012- ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածուն Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հովիկ Աբրահամյանն է, ում թեկնածությունն առաջարկեց Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը: Այնուհետև, նիստը վարող ՀՀԿ անդամ, պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ելույթի համար խոսք տվեց ԱԺ նախագահի միակ թեկնածուին՝ Հովիկ Աբրահամյանին, ով նշեց, որ երախտապարտ է ՀՀԿ-ին ու իր գործընկերներին նման վստահության համար: «Հինգերորդ գումարման խորհրդարանը ներկայացուցչական մարմին է, որը ներկայացված է լայն ներկապնակով: Հույս ունեմ, որ ներկայիս խորհրդարանը պառլամենտարիզմի ավանդույթները նոր մակարդակի վրա կբարձրացնի: Պատասխանատու եմ համարում նման պաշտոնը, պատկերացնում եմ ինչ պատասխանատվություն է դրվում ԱԺ նախագահի վրա և պատրաստ եմ դրան»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։ Նա նշեց, որ որքան էլ պատգամավորները քննադատեն իրար, միևնույնն է, բոլորն էլ նույնն են ուզում. «Այս պայքարում հաղթելու է Հայաստանն ու հայ ժողովուրդը: Եկել է աշխատելու ժամանակը ու պետք է աշխատենք բոլորս միասին և խնդիրները պետք է լուծենք միասնաբար»։ Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ այս դահլիճում են սկսվելու և ավարտվելու քաղաքական մտքի զարգացումները և հատվելու տեսակետները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանին խնդրեց մինչ ընտրվելը երաշխավորել, որ եկող 5 տարիների ընթացքում յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի միայն ի՛ր մանդատով: Ի պատասխան Արսենյանի խնդրանքին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրենք (ՀՀԿ-ն- Tert.am) միշտ պայքարել են այդ երևույթի դեմ և կշարունակեն պայքարել:

No comments: