Friday, June 8, 2012

ԱՄՆ-ի դեսպան. Քլինթոնի այցը Հայաստան ցույց է տալիս Վաշինգթոնի համար Հայաստանի եւ տարածաշրջանի կարեւորությունը

News.am. 7-6-2012- Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երկրորդ այցը Հայաստան ցույց է տալիս, որ նա անձամբ, ինչպես եւ նախագահ Օբաման, կարեւորություն են տալիս Հայաստանին եւ տարածաշրջանին ընդհանրապես: Այդ մասին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է տեսաբլոգում տեղադրված հերթական հայտարարությունում: Նա նաեւ նշել է, որ Քլինթոնի այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նշել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Բացի այդ, ԱՄՆ-ի պետքարտուղարը Երեւան կատարած այցի ընթացքում ընդգծել է գործընկերության եւ արժեքների կարեւորությունը», - նշել է դեսպանը` հիշեցնելով, որ Քլինթոնը նաեւ պարգեւատրել է 11 իրավապաշտպանների: Ըստ դեսպանի` պետքարտուղարի այցը կրկին ցույց է տվել, որ ընդհանուր արժեքները հիմք են իրական գործընկերության համար: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա Հիլարի Քլինթոնը դատապարտել է հրադադարի խախտման վերջին դեպքերը, որոնց արդյունքում սպանվել էին 3 հայ զինծառայողներ», - նշել է Հեֆերնը` հավելելով, որ պետքարտուղարը խոստացել է Բաքվում եւս հայտարարել, որ ուժի կիրառումը չի լուծի ղարաբաղյան հիմնախնդիրը: Նա վստահեցրել է նախագահին, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, հավատարիմ է մնում Հելսինկյան ակտի երեք սկզբունքներին, որպես մեկ ամբողջություն հիմնախնդրի լուծման համար: Ըստ դիվանագետի` Քլինթոնը կոչ է արել բարեփոխումների եւ առավել թափանցիկության, որպեսզի Հայաստանն առավել ժողովրդավարական, բարգավաճ եւ անվտանգ դառնա:

No comments: