Wednesday, June 6, 2012

«Ադրբեջանի նավթագազային ոլորտում ներդրվել է 50 միլիարդ դոլար». Իլհամ Ալիև

1in.am. 6-6-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 5-8-ը Բաքվում տեղի ունեցող Caspian Oil and Gas 19-րդ ցուցահանդեսի ու կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությանը. «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի նավթագազային ոլորտում ներդրումների ծավալը կազմում է մոտ 50 միլիարդ դոլար: Իսկ 1995 թվականից Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է 120 միլիարդ դոլար: Ես դեռ մի քանի տարի առաջ եմ ասել, որ մեզ համար նավթը ոչ թե նպատակ է, այլ՝ միջոց՝ ստեղծելու համար ժամանակակից պետություն, զարգացնելու համար մեր երկիրը: Ներկայիս դրությամբ մեր արժութային պաշարները գերազանցել են 40 միլիարդ դոլարի սահմանագիծը, և հետագայում այդ գումարն ավելի մեծ կլինի, ինչը մեզ հնարավորություն կտա առավելագույնս կրճատել նավթից երկրի տնտեսության ունեցած կախվածությունը: Մենք կարծում ենք, որ էներգետիկ քաղաքականությունը պետք է միավորի երկիրը և ոչ թե հակառակը: Մեր գազային պաշարները մեզ կբավականացնեն հետագա 100 տարվա ընթացքում, իսկ նավթային պաշարները՝ ավելի քան 50 տարվա ընթացքում»: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի կեսերին բրիտանական The Economist պարբերականը գրել էր, թե Ադրբեջանի նավթային պաշարները սպառվելու են 2028 թվականին:

No comments: