Thursday, June 7, 2012

Թուրքիայի բնակչության 50,12 տոկոսը կանայք են

Past.am. 7-6-2012- Համաշխարհային բանկի վիճակագրութիւնների համաձայն՝ Թուրքիայի բնակչութեան 50,12 տոկոսը կազմում են կանայք, թուրքական աղբիւրները եւս նման թւեր են պարզում, յամենայնդէպս՝ այդ երկրի կէսը կազմում են կանայք: Տեսնենք, թէ ինչ իրավիճակում է գտնւում այդ երկրի բնակչութեան կէսը, մի երկիր, որ ցանկանում է միանալ Եւրոպային, ցանկանում է հասարակութեան ստանդարտները բարձրացնել եւ միտում ունի դառնալ օրինակելի երկիր՝ տարածաշրջանի համար: * Ըստ Թուրքիայի ոստիկանութեան վիճակագրութիւնների՝ 2011 թւականին, այսինքն՝ անցեալ տարի, ամբողջ երկրում գրանցւել են 207,253 վնասւածքի դէպքեր՝ կանանց պարագայում. նոյն թիւը 2010 թւականին եղել է 189,377, այսինքն՝ շուրջ տաս տոկոս յաւելում են կրել բռնութիւնները՝ կանանց դէմ: Ըստ նոյն ոստիկանութեան վիճակագրական մի այլ հաղորդման՝ իւրաքանչիւր տաս րոպէ մէկ մի ընտանեկան բռնութիւն է կատարւում կանանց դէմ՝ Թուրքիայում: Այս թւերը կազմւել են այն կանանց պարագայում, որոնք զեկուցել են ոստիկանութեանը, այսինքն՝ դեռ գոյութիւն ունեն պարագաներ, որ կանայք վախենում են դիմել ոստիկանութեանը կամ էլ ապարդիւն են համարում պետական մարմիններին դիմելը, քանի որ հարկ եղած վերահասութիւն չի կատարւում՝ թէ՛ ոստիկանութեան, եւ թէ՛ դատարանների կողմից: Ըստ աւելի հին վիճակագրութիւնների, որոնք կազմւել են 2008 թւականին Թուրքիայում կանանց 42 տոկոսն իրեց համարում է ֆիզիկական ու սեռային բռնութիւնների զոհ, որոնցից 91,8 տոկոսը օգնութեան չի դիմել ոստիկանութեանը, հիւանդանոցներին, դատարաններին կամ որեւէ հասարակական ծառայութիւն մատուցող կենտրոնի: Միացեալ ազգերի կազմակերպութեան տւեալների համաձայն՝ Թուրքիայի կանանց 39 տոկոսը տառապում է ֆիզիկական եւ սեռային բռնութիւններից: * Թուրքիայի արդարադատութեան նախարարութիւնը այս կապակցութեամբ հրապարակել է աւելի ցնցիչ տւեալներ: 2011 թւականի ընթացքում տեղի են ունեցել 160 սպանութիւններ (միայն կանանց): 2009 թւականին՝ 953 պարագայ եւ 2002 թ.՝ 66 սպանութեան պարագայ: Նախարարութիւնը ինքը մտահոգութիւն է յայտնել, թէ այս թիւը գնալով բարձրանում է: Այլ աղբիւրների (Մարդու իրաւունքների կազմակերպութիւններ՝ Թուրքիայում) տւեալների համաձայն՝ 2005 թւականից մինչեւ 2011-ը 4190 կանայք են սպանւել Թուրքիայում: Սպանութիւնները կատարւում են առաւելաբար կնոջ ամուսնու, նշանածի, եղբօր կամ հօր միջոցով: Սպանութիւնների պատճառները պարզ են. կանայք ցանկանում են անկախ լինել, իրենք տնօրինեն իրենց անձնական կեանքը, ցանկանում են ապրել որպէս մարդ-անհատ, պահանջում են ապահարզան՝ իրենց դաժան ամուսնուց, չեն ցանկանում բռնի կերպով ամուսնանալ մէկի հետ կամ անհիմն նախանձի զոհ են դարձել իրենց ամուսնու կամ ընտանիքի այլ տղամարդու կողմից: * Աշխարհում չկայ որեւէ երկիր, ուր կատարեալ հաւասարութիւն գոյութիւն ունենայ տղամարդկանց ու կանանց միջեւ: Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպութիւնը (www.weform.org) մի քանի տարի է, որ սկսել է ուսոմնասիրել այս հարցը, թէ աշխարհի երկրներում տնտեսական, կրթական, առողջապահական եւ քաղաքական ասպարէզներում ինչքան հաւասարութիւն գոյութիւն ունի կանանց եւ տղամարդկանց միջեւ: Ըստ 2011 թւականի այս կազմակերպութեան ուսումնասիութեան՝ 135 երկրի միջեւ Թուրքիան գտնւում է 122-րդ տեղում: * 1930-ական թւականներին Թուրքիան եղաւ առաջին երկրներից, ուր կանայք յաջողեցին ունենալ քաղաքական իրաւունքներ, ընտրելու եւ ընտրւելու իրաւունք տրւեց կանանց: 1926 թւականի քաղաքացիական օրէնսդրութեան համաձայն՝ կինը իրաւունք ունի ապահարզան պահանջելու ամուսնուց: Թուրքիան ստորագրել է բազմաթիւ պայմանագրեր՝ մարդու իրաւունքների, կանանց ու երեխաների իրաւունքների պաշտպանութեան խնդրում: 2002 թւականից, երբ Թուրքիայում իշխանութեան գլուխ անցաւ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը (ԱԶԿ), որը նպատակադրել ու ծրագրել է Թուրքիային դարձնել Եւրոմիութեան անդամ երկիր եւ եւրոպական ստանդարտներ գործադրել երկրում, դրանով հանդերձ՝ դեռ աւելացել են սպանութիւններն ու բռնութիւնները՝ կանանց դէմ: Ըստ մարդու իրաւունքների թուրք ակտիւիստների՝ ԱԶԿ-ի գործի գլուխ գալուց յետոյ՝ զգալիօրէն նւազել է կանանց իրաւունքների պաշտպանութեան հարցը: Հասարակութիւնը աւանդական հասարակութիւն է, որտեղ կինը չի դիտւում որպէս անկախ մարդ-անհատ, որն ունի իր իրաւունքները: Ըստ «ԱԼԻՔ» օրաթերթտ, մի շարք թուրք ակտիւիստների՝ անհրաժեշտ է, որ Եւրոպան իր ճնշումները սաստկացնի Թուրքիայի նկատմամբ, որպէսզի Թուրքիան իր կին բնակչութեանը սկսի նայել որպէս մարդ-անհատ: Ըստ նոյն ակտիւիսիտների՝ տղամարդիկ Թուրքիայում, լինեն դրանք ամուսին, հայր կամ դիւանագէտ ու քաղաքական մարդ, չի տարբերւում, նրանք չեն կարող հանդուրժել ու տեսնել, որ կինը պահանջ ունենայ հաւասար իրաւունքների համար: Այդ հարցի լուծման համար նրանք (այսինքն՝ մարդու իրաւունքների մի շարք ակտիւիստներ) տարօրինակ առաջարկ-լուծում են ներկայացրել, որ կանայք կրեն զէնք ու անցկացնեն հրաձգութեան դասընթացներ՝ երեք ամսով, նաեւ այն, որ կանայք ինքնապաշտպանութեան համար սովորեն մարտարւեստ (կոնգֆու, կարատէ եւ....) ահա, այս ձեւերով կանայք կը պաշտպանեն իրենց իրաւունքները՝ Թուրքիայում: ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

No comments: