Wednesday, June 6, 2012

Միացյալ նահանգները վերազինում է Հայաստանին

News.am. 5-6-2012- Նախօրեին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցի ավարտին տեղի ունեցավ վերջինիս եւ արտգործնախարար Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը: Թե՛ բովանդակային, թե՛ ժամանակային առումով ասուլիսին երկու կողմերի հնչեցրած հայտարարություններն առավել քան նպատակային էին: Երկու կողմերի ելույթներում ընդգծվեցին 20 ամյակը բոլորած երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները եւ բարձր գնահատականը դրանց ներկա իրավիճակին: Երկկողմին զուգահեռ անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ կողմերի տեսակետներին` Հայաստանի համար առաջնային համարվող արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների եզրագծմամբ: Այստեղ էին, ինչպես ասում են, «ամենայուղոտ մեսիջային պատառները»: Նախեւառաջ, իր բացման խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի համար երկու կարեւոր ուղղություններում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում, ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության լիակատար աջակցությունը Հայաստանի մոտեցումներին եւ այդ ուղղությամբ իրականացված գործողություններին: Սա հիշեցումն էր վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ` ամենաբարձր մակարդակով հնչեցվող հայտարարությունների մասին` արված թե՛ անհատական, թե՛ եռանախագահության համատեղ ձեւաչափով: Հայտարարություններ, որոնք այս ընթացքում միանշանակ ամրապնդեցին Հայաստանի դիրքերը թե’ ԼՂ բանակցային գործընթացում եւ թե’ արդարացրին հայ-թուրքական գործընթացը կասեցնելու հայկական կողմի դիրքորոշումը: Անդրադառնալով շփման գծում միջադեպերի խնդրին, ԱՄՆ պետքարտուղարն իր անհանգստությունն ու ափսոսանքը հայտնեց նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական հերթական դիվերսիայի առնչությամբ: Հենց այս միջադեպի կոնտեքստում էլ, պետքարտուղարը վերահաստատեց, որ ուժի կիրառմամբ Ղարաբաղյան հակամարտությաեւ լուծում չի՛ լինելու եւ այդ իսկ պատճառով ուժի կիրառում չպետք է լինի: Այդ հայտարարությունն արվեց այնպիսի սաստիկ տոնով եւ վճռականությամբ, որ Ադրբեջանում անմիջապես առաջ բերեց համընդհանուր էյֆորիա: Իսկ որ Ադրբեջանը չշահարկի թե մեսիջն ուղղված էր բոլոր կողմերին եւ ոչ թե հենց իրեն, ինչպես ասում են, հատուկ տհասների համար, պետքարտուղարը շեշտեց, որ ինքը վստահեցրել է նախագահ Սարգսյանին, որ այդ ասածը պնդելու է Բաքվում: Ավելին, ԱՄՆ պետքարտուղարը կրկին նշեց, որ կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքների` ուժի կամ դրա սպառնալիքի, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջեւ սելեկտիվ ` դրանցից որեւէ մեկը վերադասելու կամ առանձին դիտարկելու մոտեցումներն անթույլատրելի են: Փաստորեն, պաշտոնական Վաշինգտոնը շեշտակի վերահաստատեց այն դրույթը, որ հնչեցրել էր դեռեւս ԵԱՀԿ Աստանային գագաթաժողովում` զրկելով Ադրբեջանին իր վերջին` «ինքնորոշում տարածքային ամբողջականության սահմաններում» խաբկանքից: Երրորդ եւ չորրորդ մեսիջները, որ ոչ պակաս կարեւոր են, վերաբերում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ավելի ճիշտ, գործընթացին: Այստեղ պետք է վկայակոչել նախարար Նալբանդյանի կողմից իր խոսքում Հիլարի Քլինթոնի` գրեթե «թեւավոր» դարձած արտահայտության մեջբերումը` շեշտադրումով, որ «գնդակն այդպես էլ գտնվում է թուրքական դաշտում»: ԱՄՆ պետքարտուղարն իր պատասխան խոսքում հաստատեց, որ աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների: Այն, ինչ ասաց պետքարտուղարն այս խնդրի շուրջ ի պատասխան ամերիկացի լրագրողից հնչած հարցին, գրեթե վերջակետ դրեց թուրք-ադրբեջանական շահարկումներին: Իսկ տիկին Քլինթոնն ասաց, որ ինչպես եւ երկու տարի առաջ է ասել, գնդակը մնում է Թուրքիայի դաշտում: Ավելին, պետքարտուղարը շեշտեց, որ որեւէ կապ չկա արձանագրությունների վավերացման եւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջեւ: Դրանք առանձին պրոցեսներ են: Այսպիսով, Հայաստանի բարեկամական գործընկերը`ԱՄՆ-ը, պետքարտուղարի բարձր մակարդակով եւս մեկ անգամ այնքան հստակ, կտրում եւ միանշանակ վերահաստատեց տարածաշրջանային խնդիրներում Հայաստանի մոտեցումներին իր երկրի աջակցությունը, որ սա, իրավամբ, կարելի է գնահատել որպես ԱՄՆ-ի կողմից Հայաստանի դիվանագիտական արսենալի վերազինում: Վարդան Գասպարյան

No comments: