Thursday, June 7, 2012

Հայաստանի նոր առաջարկը

1in.am. 7-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը Բաքվում հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներկայացվելու են նոր առաջարկներ: Ըստ Հիլըրի Քլինթընի, այդ ներկայացումը կլինի հունիսի 18-ին, Փարիզում տեղի ունենալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում: Այսինքն` Փարիզում կողմերը ծանոթանալու են նոր առաջարկներին: Հետաքրքիր է` ովքեր են դրանց հեղինակները: Հանդիպումը տեղի է ունենալու Փարիզում, և, ըստ էության, դա լինելու է Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի նորամուտը ղարաբաղյան պրոցես` անկախ նրանից, թե արդյոք արտգործնախարարների հանդիպմանը Օլանդը կունենա որևէ առնչություն ուղղակի ներկայացվածության կամ հանդիպման իմաստով, արդյոք նոր առաջարկները Օլանդի գաղափարներն են: Այդ մասին որևէ ակնարկ նա չի արել, որևէ հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել: Իհարկե, դեռ կա ժամանակ, և Օլանդը գուցե դեռ կարող է որևէ կերպ անոնս անել առաջիկա հանդիպման համար, բայց կա մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ Մինսկի խմբի համանախագահները Օլանդի ընտրությունից և պաշտոնամուտից հետո որևէ կերպ չեն հավաքվել, չեն հանդիպել: Մինչդեռ նոր առաջարկները պետք է ենթադրեն համատեղ քննարկում և գոնե նախնական համաձայնություն: Առայժմ կարելի է ասել, որ համաձայնություն կա ԱՄՆ և Ֆրանսիայի միջև, քանի որ Ֆրանսիայում տեղի ունենալիք հանդիպմանը նոր առաջարկների և տարբերակների մասին հայտարարում է ԱՄՆ պետքարտուղարը: Օրերս Ֆրանսիա էր այցելել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ գուցե Օլանդի հետ հանդիպմանը շոշափվել է նաև Ղարաբաղի հարցը, և միգուցե Պուտինն էլ այդ նոր առաջարկներին դեմ չէ: Ընդհանրապես, չի բացառվում, որ այդ առաջարկները ամենևին էլ էական կամ առանցքային չեն, այլ վերաբերում են դետալներին, ինչն էլ առանձնակի բծախնդրություն չի առաջացնում թե՛ միջնորդների, թե՛ կողմերի մոտ: Այստեղ էականն, իհարկե, ոչ այնքան առաջարկներն են, որքան այն, թե ինչ է կատարվում ընդհանուր գործընթացում և ինչի համար են նոր առաջարկները, երբ միջնորդները շատ լավ գիտեն, որ միևնույն է` կողմերին դրանք չեն մերձեցնելու և կողմերը մերժելու են նաև այդ առաջարկները: Հազիվ թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներկայումս հնարավոր է գտնել մի այնպիսի տարբերակ, որը գոհացներ երկու կողմերին և նրանց թույլ տար ավելի շատ հարցերում համաձայնել, քան մինչ այժմ: Ի վերջո, առանցքային խնդրում՝ Ղարաբաղի անկախություն, Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են անզիջում դիրքերի վրա, և ամեն մեկը յուրովի պատրաստ չէ այս պահին զիջել իր դիրքը, դա ակնհայտ է: Մինչդեռ, բացի Ղարաբաղի խնդրից, բավական լուրջ անհամաձայնություններ և խնդիրներ կան անգամ ազատագրված տարածքների հարցում: Սրանից դուրս, մնացյալ ամեն ինչ, ըստ էության, դետալներ են, որ չեն կարող իրավիճակ փոխել: Միջնորդները սա չեն կարող չհասկանալ: Հետևաբար, նոր առաջարկներ ասվածը, ըստ էության, երևի թե նպատակ ունի շարունակել այն իմիտացիոն գործընթացը, որ Ղարաբաղի հարցում շարունակվում է արդեն քանի տարի: Միևնույն ժամանակ, ներկայիս սահմանային լարվածությունը վկայում է, որ իմիտացիան շարունակելը լինում է ավելի ու ավելի դժվար: Ադրբեջանը հաճախակիացրել է դիվերսիոն գործողությունները, որոնք շարունակել է անգամ Հիլըրի Քլինթընի այցելության և Բաքվում դրանք դատապարտող հայտարարության ֆոնին: Դա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն այդուհանդերձ ունի Մինսկի խմբի որոշ համանախագահների լռելյայն աջակցությունը, այլապես հազիվ թե այդպես հանդուգն գտնվեր: Սակայն չի բացառվում նաև, որ Մինսկի խումբը պարզապես հնարավորություն է տալիս Բաքվին թողնել իր փուքսը: Սակայն անգամ այդ վերահսկելի գործընթացը նշանակում է, որ ավելի ու ավելի դժվար է ջինը պահել շշի մեջ: Եթե այսօր հարկ է լինում Ադրբեջանին տալ այդպիսի հնարավորություն կամ իրավունք՝ թույլ չտալով անել ավելին, ապա վաղը գուցե Ադրբեջանին հարկ լինի ավելին թույլ տալ: Այսինքն` այստեղ Հայաստանի համար մտածելու լուրջ տեղիք կա, և պետք չէ հույսը դնել իմիտացիայի հավերժականության վրա: Մյուս կողմից` պարզ է, որ Հայաստանը չի էլ կարողանալու պայմանավորվել Ադրբեջանի հետ, որովհետև որքան Ադրբեջանը շատ բաց թողնի փուքսը, այնքան ավելի է կուտակվելու նոր էներգիան, ու ամեն անգամ ավելի ու ավելի է մեծ լինելու գոլորշին: Այսինքն` կարող է գալ մի պահ, երբ Մինսկի խմբին հարկ կլինի իրավիճակը ձեռքից բաց թողնել, հետո ավելի լավ վերահսկելու համար: Իսկ թե ինչ կլինի այդ ժամանակահատվածում, մինչ խումբը, կամ մեկ այլ խումբ Մինսկի փոխարեն կվերցնի իրավիճակի թելը նորից իր ձեռքը, հայտնի չէ: Բայց Հայաստանին հենց դրա համար էլ հարկավոր է պատրաստվել այդ ժամանակահատվածին: Այն կգա, թե չի գա, միևնույն է` Հայաստանը պետք է դրան պատրաստ լինի դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով, իսկ առաջին հերթին՝ ներքին կազմակերպվածությամբ, երբ կձևավորվի հասարակական համաձայնության և փոխվստահության մթնոլորտ: Իրավիճակը Հայաստանի համար իսկապես բարդ է, և ամենամեծ վտանգն ամենևին էլ պատերազմի վերսկսումը չէ: Այն, իհարկե, մարդկային ողբերգություն է բոլոր դեպքերում, սակայն զուտ պետական առումով Հայաստանի համար պատերազմը անգամ կարող է լինել լավագույն տարբերակը փակուղային իրավիճակից դուրս գալու և ղարաբաղյան պատերազմի առաջին հաղթանակը էլ ավելի ամրագրելու և հարցը ըստ էության մեկընդմիշտ փակելու առումով: Սակայն խնդիրն այն է, որ փակուղային ժամանակահատվածը ամենևին էլ չի նշանակում հենց միայն պատերազմ: Փակուղային ժամանակահատվածը նշանակում է նաև պայքար դիվանագիտական ու քաղաքական դաշտում, երբ հարկ է լինելու աշխարհին ոչ թե զենքով, այլ մտքով, կամքով և տեսակով ապացուցել, թե ով է ավելի արժանի հաղթողի վերջնական դափնուն: Դա նշանակում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր առաջարկների մասին պետք է մտածի նաև Հայաստանը, բայց ոչ զուտ կարգավորման մասով, այլ առավել գլոբալ՝ պետական ռազմավարության, պետական առաքելության մասով: Հայաստանը պարզապես պետք է որպես պետություն նոր մոդելներ, արժեքներ ու գաղափարներ առաջարկի աշխարհին, շեշտակիորեն տարբեր, քան մինչ այժմ:

No comments: