Thursday, June 7, 2012

Կյանքն ընդդեմ զորքի

«Լրագիր» 7-6-2012- Սերժ Սարգսյանը Ճապոնիայից արձագանքել է հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին, փաստացի հայտարարելով, որ Հայաստանը պատերազմ չի սկսի: Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ Հայաստանը կբավարարվի ադրբեջանական սադրանքները կասեցնելու գործողություններով: Ներկա պայմաններում, պատերազմ սկսելը Հայաստանի համար թերեւս իսկապես կնշանակեր “ֆալստարտ”: Հայաստանն այն տնտեսական եւ հոգեբանական վիճակում չէ, որ կարողանար պատերազմ սկսել: Իսկ սկսել, նշանակում է սկսել ամբողջ թափով, լայնամասշտաբ, որովհետեւ պատերազմ սկսելու դեպքում ռեսուրսները շատ ավելի են պահանջվում, քան այն դեպքում, երբ դիմագրավում ես ուրիշի սկսած պատերազմին: Միեւնույն ժամանակ, հայկական զինուժը կարող է լոկալ խնդիրներ լուծել, քարոզչական ճակատում պատասխանատվությունը դնելով ադրբեջանցիների վրա՝ դիվերսիոն հարձակումների տեսքով, առավել եւս, որ Ադրբեջանը տվել է Հայաստանին այդ առիթն ու հիմքը: Ու, դատելով վերջին օրերի տեղեկատվությունից, պետք է ենթադրել, որ հայկական կողմը հենց այդպես էլ վարվում է: Ընդ որում, հազիվ թե որեւէ միջազգային կառույց բարոյական կամ իրավական հիմք ունենա Հայաստանին մեղադրել դրա համար: Սեփական քաղաքացուն պաշտպանելը ցանկացած պետության սրբազան պարտքն է, եւ Հայաստանն ընդամենն իր այդ պարտքն է կատարում, ինչպես որ տարբեր առիթներով, դեպքերում եւ միջոցներով՝ այդ թվում զինված, այդ պարտքը կատարում են այլ պետություններ, գերտերություններ: Ստեղծված իրավիճակում, Հայաստանին պետք է ոչ թե պատերազմ, այլ վերաբնակեցում սկսել: Առկա իրավիճակում Հայաստանի ռազմա-քաղաքական եւ ռազմավարական համարժեք պատասխանը կլինի այն, որ սահմանամերձ ու ազատագրված տարածքներում նոր թափ ստանա վերաբնակեցման, բնակեցման, կենսապայմանների ստեղծման պրոցեսը: Ինչո՞ւ հատկապես հիմա: Իհարկե, այդ ամենը Հայաստանը պետք է սկած լիներ վաղուց, եւ նույնիսկ արդեն ավարտած: Բայց, լավ է ուշ, քան երբեք: Իսկ հիմա պետք է առավել եւս, հատկապես այն դեպքում, երբ կրկին խոսակցություններ են սկսել հայ-ադրբեջանական շփման գծում զորք տեղակայելու մասին: Ընդ որում, պարզ է, որ այդ մտադրությունների թիրախը ոչ թե Հայաստանի սահմաններն են, այլ հենց ազատագրված տարածքները: Պարզապես ամեն ինչ կարող է սկսել հենց Հայաստանի սահմաններից, ու ավարտվել ազատագրված տարածքներում զորքի տեղակայումով: Իսկ այդ դեպքում, այդ տարածքներն արդեն դադարելու են լինել ազատագրված, քանի որ այդ զորքն օկուպացնելու է դրանք, կարեւոր չէ, թե որ երկրի զորքն է լինելու այնտեղ: Էականն ու վտանգավորն այն է, որ այդ տարածքներում օտարերկրյա զորք տեղակայելու դեպքում դրանք դադարելու են լինել հայկական: Հայկական են, կամ որեւէ-ական են այն տարածքները, որտեղ մարդ է բնակվում: Հետեւաբար, դրանք հայկական պահելու համար պետք են բնակիչներ, շատ բնակիչներ, լիարժեք ապրող, ոչ թե գոյատեւող բնակիչներ: Ու քանի որ ներկայում կարծես թե բավական աշխույժ փորձ է նկատվում տարածքներում զորքի տեղակայման գաղափարներն առաջ մղելու հարցում, համենայն դեպս քարոզչական ասպարեզում, երբ արդեն կան մարդիկ, որոնք Հայաստանում կոնկրետ հայտարարում են շփման գծում ռուսական զորք տեղակայելու անհրաժեշտության մասին, Հայաստանն ունի մեկ պրակտիկ եւ կենսունակ պատասխան այդ ակտիվությանը՝ ակտիվացնել վերաբնակեցումը տարածքներում: Ադրբեջանական դիվերսիաների աշխուժացմանը զուգահեռ, Հայաստանում վերստին սկսեցին միասնականության մասին դատողությունները: Դրանք Հայաստանում միշտ էլ եղել են օդում, այսինքն զուրկ են եղել պրակտիկ գաղափարից եւ մշտապես կախված են եղել կամ էմոցիաներից, կամ քաղաքական խորամանկությունից, երբ փորձ է արվել ցանկացած ընդդիմախոսություն որակել որպես հակամիասնական գործողություն եւ դատապարտել այդ տեսանկյունից: Մինչդեռ, ազատագրված տարածքների վերաբնակեցման ակտիվ գործընթացի եւ այնտեղ կենսապայմանների լիարժեքացման գաղափարը կարող է լինել օրինակ այն, ինչը կդրվի միասնականության մասին խոսքերի տակ՝ որպես այդ գաղափարի իրագործման համատեղ ջանքի անհրաժեշտություն, երբ անկախ քաղաքական հայացքներից, գաղափարական հավատամքներից, սոցիալական կարգավիճակից, բոլորն իրենցից կախված հնարավորը եւ գուցե անհնարը կանեն վերաբնակեցման գործը առաջ մղելու համար: Ընդ որում, խոսքը Հայաստանի եւ նաեւ Սփյուռքի միասնականության պրակտիկ հիմնարկեքի մասին է: Այսինքն, այդ գործում անկասկած պետք է նաեւ ներգրավվի Սփյուռքը: Ազատագրված տարածքներում միասնական ջանքով կյանք ներդնելու ճանապարհով է հնարավոր պահել դրանք որեւէ զորքի՝ ադրբեջանական, թե այսպես ասած միջնորդական, զենքի էքսպանսիայից, ինչը վերջին հաշվով, վերջնարդյունքով, Հայաստանի համար թերեւս ունենալու է նույն հետեւանքը՝ հաղթանակի եւ ռազմա-քաղաքական գործոնի էական կորուստ տարածաշրջանում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: