Panorama.am. 26-6-2012- Ադրբեջանի քաղաքականության արդյունքում էթնիկական բախումներ կառաջանան: Այդ մասին իրանական «պանիրանիստ.օրգ» կայքի հաղորդմամբ՝ նշված է Թալիշ մտավորականների խորհրդի տարածած հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակներն, անդրադառնալով Ադրբեջանում ապրող թալիշ ազգային գործիչների ճակատագրին, մասնավորապես, նշել են. «Ադրբեջանում թալիշ ազգային գործիչները ձերբակալվել են գրեթե նույն սցենարներով: Մասնավորապես՝ «Սեդայե Թալեշ» (Թալիշի ձայն) օրաթերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը ձերբակալվել է թմրանյութ պահելու մեղադրանքով. Անհայտ անձինք թմրանյութ են գցել Մամեդովի գրպանը, ինչի հետևանքով էլ իր իսկ բնակարանի մոտակայքում հունիսի 21-ին ձերբակալվել է: Վերջերս գրեթե նմանատիպ սցենարով էր ձերբակալվել նաև «Սեդայե Թալեշ» օրաթերթի նախկին խմբագիր Նովրուզալի Մամեդովը, ով հետագայում մեղադրվելով հայրենիքի հանդեպ կատարած դավաճանության համար, ենթարկվեց 10 տարվա ազատազրկման և բանտում, տանջանքների ենթարկվելով, մահացավ»: «Մեր գնահատականն այն է, որ թալիշ մտավորականների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած նման քաղաքականությունը կառաջացնի խտրականություն և էթնիկական բախումներ»,-նշված է հայտարարության մեջ: Հայտարարության վերջում թալիշ մտավորականները, դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործելաոճը, միջազգային կառույցներին կոչ են արել ջանքեր գործադրել Գիլալ Մամեդովին ազատ արձակելու ուղղությամբ:
Tuesday, June 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment