Thursday, June 7, 2012

Ադրբեջանը չի կարող հաղթել պատերազմը. Արկադի Տեր–Թադևոսյան

Tert.am. 6-6-2012- Ադրբեջանը չի կարող հաղթել հնարավոր պատերազմում, քանի որ Ադրբեջանի զինված ուժերն այդ հնարավորությունը չեն տալիս, այս մասին Tert.am-ին ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ պատասխանելով մեր այն հարցին, թե, արդյո՞ք, հայ-ադրբեջանական վերջին օրերի բախումները չեն կարող վերաճել պատերազմի: Ադրբեջանական քարոզչությունը, որի նպատակն է հայ հանրության մեջ տարածել այն միտքը, որ Ադրբեջանը կարող է գրավել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Ըստ Արկադի Տեր–Թադևոսյանի , Հայաստանում խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով ադրբեջանական քարոզչամեքենան, ինչ-որ առումով, հասել է իր նպատակին։ «Ահա այսպիսի խուճապային տրամադրությունների ստեղծմանն են նրանք ձգտում, (լուրեր) տարածելով, թե կհարձակվեն»,– ասաց Կոմանդոսը՝ հավելելով, որ հենց այդ նպատակով էլ նրանք գնում են նման սադրանքների։ «Ո՛չ, նրանք չեն կարող, նրանք ի վիճակի չեն, դա չի ներում նրանց զինված ուժերը։Սա մեկ, և, ի վերջո, չմոռանանք, որ Ադրբեջանի տարածքում բնակվում են բազմաթիվ ազգություններ, որոնք չեն ուզում կռվել Ադրբեջանի համար: Նրանք ունեն իրենց խնդիրները»,- մեկնաբանեց Արկադի Տեր–Թադևոսյանը: Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանցիների կողմից արդեն երրորդ դիվերսիոն հարձակումն է իրականացվել. երկուսը՝ Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում: Արկադի Տեր-Թադևոսյանը նաև վստահություն հայտնեց, որ համարժեք հակաքայլերի չդիմելու դեպքում նման դիվերսիաները կշարունակվեն: Զինվորականը նաև նշեց, որ այլևս հասունացել է այն պահը, որ հասարակությունը պետք է օգնի, ինչ-որ լրացուցիչ քայլեր առաջարկի Պաշտպանության նախարարությանը «այս հարցի հետ կապված»: Իսկ պաշտպանության նախարարությունն էլ լրագրողների հետ, այս առումով, բացատրական աշխատանքներ իրականացնի: Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պաշտպանության նախկին փոխնախարարը հայտարարել էր, որ մենք պետք է ընդունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա առկա են եղել շատ թույլ կողմեր, ինչից էլ թշնամին օգտվել է: Արկադի Տեր-Թադևոսյանը նաև հավելել էր.«Հարկ է ուսումնասիրել մեր սեփական սխալներն ու հետևություններ անել դրանցից»: Նկատենք, որ սա նմանատիպ արդեն երկրորդ հայտարարությունն է: Զինդատախազ Գևորգ Կոստանյանն էլ Տավուշի մարզի Չինարի գյուղից էր առավել զգոնության ու զգաստության կոչ արել: Ի պատասխան հարցին, թե ի՞նչ են նշանակում այս հայտարարությունները, կամ ի՞նչ է նշանակում՝ սահմանապահ դիրքերում գտնվող զինվորին ուղղված զգաստության կոչը ( այն առումով, որ դա ինքնին պարզ է - Tert.am ) և, արդյո՞ք, սա չի նշանակում, որ Կոստանյանն ակնարկել է այն մասին, որ դիրքերում զգոն չեն, Արկադի Տեր-Թադևոսյանը կրկնեց իր խոսքը՝ այո, «թերություններ եղել են», բայց նաև համաձայնեց, որ ճիշտ չի լինի ամեն ինչ «բարդել զինվորի վրա»:

No comments: