Thursday, July 12, 2012

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ «1915-Ի ՀԱՐՑՈՒՄ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ» ԴՐՍԵՎՈՐԵԼԸ

«ԱԶԳ», 12-07-2012- Նրա մոտեցումը, սակայն, թուրքական ժխտողականության նորովի ձեւակերպումն էՙ հարմարեցված նոր պայմաններին Օրերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդականը Ելիսեյան պալատում ընդունել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցչին: Ընդունելությանը քննարկվել են Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող նոր օրինագծի, ինչպես նաեւ երկրի նախագահիՙ համայնքի ներկայացուցիչների հետ այս ամիս նախատեսվող հանդիպման մանրամասները: Հանդիպմանն իսկույն արձագանքել էին թուրքական լրատվամիջոցներըՙ մտահոգ նոր օրինագծով: Մինչդեռ նախագահի պաշտոնում Օլանդի ընտրությամբ Ֆրանսիայի հետ հարաբերությունները բարելավելու շրջանակներում Թուրքիան փորձում էր օրակարգից դուրս բերել այդ օրինագիծը, օգտագործելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալման առնչությամբ Արեւմուտքի հանձնարարականով թագավորից ավելի թագավորական հանդես գալու հանգամանքը: Ավելին, Փարիզում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ մամուլի համատեղ ասուլիսում Լորան Ֆաբիուսը օրինագծի ճակատագրին առնչվող հարցին ի պատասխան ասել էր. «Սահմանադրական խորհուրդն արդեն հակասահմանադրական է համարել այդ օրինագիծը, հետեւաբար հնարավոր չէ դա նորից օրակարգ բերել»: Սակայն հաջորդ օրը Ելիսեյան պալատը հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել հայ համայնքի ներկայացուցչի հետ, հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահի տված խոստումը եւ ընդգծելՙ ինքը դա կկատարի: Հուլիսի 10-ին «Ռադիկալում» նշելով այս ամենի մասին, սյունաշարի հեղինակ Ահմեդ Ինսելը գրում է. «Դա անակնկալ չպետք է լինի, որովհետեւ որքան 2015-ը մոտենա, այնքան ակտիվանալու են «ցեղասպանության ճանաչման» նախաձեռնությունները, ինչը գաղտնիք չէ: Խնդիրն այստեղ «ցեղասպանություն» եզրն է, ըստ որի դա բնութագրվում է մարդկության դեմ կատարված հանցագործություն եւ համարվում անվիճելի: Մինչդեռ անվիճելիության հանգամանքը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին»: Հեղինակն այնուհետեւ թուրքական ժխտողականությունը համարում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի եւ ուրացումը քրեականացնող օրինագծերի գլխավոր պատասխանատուն: Նա Հայոց ցեղասպանության հարցում նոր մոտեցում է պահանջում թուրքական պետությունից: Թեեւ Դավութօղլուն հայտարարել է. «Ես որպես արտգործնախարար չեմ ասում, թե 1915-ին ոչ մի բան չի պատահել, այս հարցում նոր մոտեցում է անհրաժեշտ», սակայն Ինսելը դա համարում է ոչ բավարար, իհարկե, ժխտողականությունը քրեականացնող օրինագծերի չեզոքացման համար: Ի՞նչ է առաջարկում «Ռադիկալի» հեղինակ Ինսելը: Նրա կարծիքով, պետք է լսել հայերին, զգալ եւ ըմբռնել նրանց վիշտը, «ասածը անմիջապես չխցկել հայերի բերանը» եւ մշակել «վերքերը բուժելու քաղաքականություն», որը ենթադրում է հայկական մշակութային արժեքների պահպանումը, դրանց նոր նպատակներին ծառայեցումըՙ ելնելով օրվա պահանջներից ու թեկուզ Ֆրանսիայի նախաձեռնությամբ մասնագետների համատեղ հանձնաժողովների ստեղծումը: Վերջում «Ռադիկալի» հեղինակը եզրակացնում է. «Թուրքիայում երկրի նախագահը պետք է ցավ հայտնի 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների համար, դատապարտի վշտերի պատճառ դարձած քաղաքականությունը եւ ներողություն խնդրի Անատոլիայի հայերի զավակներից եւ թոռներից: Վշտակցությունն ու ներողություն խնդրելն ամենեւին էլ չեն ենթադրում ժխտել պատճառած ցավերի ու սարսափների իրողությունը: Մի՞թե սա չէ պահանջվող այդ նոր մոտեցումը»: Ինսելը փաստորեն հիմնավորում է Ահմեդ Դավութօղլուի նկրտումըՙ կարծես մատնանշելու, որ Թուրքիայի արտգործնախարարի նոր մոտեցման հիմքում «հայերին վշտակցելու, նրանց ըմբռնումով մոտենալու» քողի տակ 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» եզրից տարանջատելն է: Իսկ դա ոչ թե նոր մոտեցում կլինի, այլ նոր ձեւակերպումներով թուրքական ժխտողականության հարմարեցումը նոր պայմաններին, որպեսզի հնարավոր լինի կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: