Thursday, July 12, 2012

Ադրբեջանական բանակի իրականացրած զորավարժությունները ոչ մի վտանգ չեն ներկայացնում. Կոմանդոս

1in.am. 12-7-2012- Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի իրականացրած զորավարժությունները ոչ մի վտանգ չեն ներկայացնում և դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շուշիի ազատագրման գործողության հեղինակ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): «Դրանք ընդամենը պլանային զորավարժություններ են, ոչ մի առանձնահատուկ բան այդտեղ չկա: Նման զորավարժություններ սահմանին անցկացնում է նաև հայկական բանակը: Միջազգային ոչ մի նորմ դա չի արգելում, միայն թե հարևան երկրների մոտ ընդունված է զորավարժությունների անցկացումից առաջ դրա մասին պաշտոնապես տեղեկացնել մյուսին: Հայաստանի և Ադրբեջանի պարագայում այս նորմն, իհարկե, չի գործում»,- նկատեց Արկադի Տեր-Թադևոսյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակը «հերթական լայնամասշտաբ զորավարժությունն էր անցկացնում հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում»։ Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունը։ Ըստ հաղորդագրության, մինչև այս շաբաթվա վերջ անցկացվելիք զորավարժություններում, որոնք ղեկավարում է երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, ներգրավված են ցամաքային զորքերը և ռազմաօդային ուժերի անձնակազմը։ Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է «արդիական տեխնիկայի և սպառազինության օգտագործում»։

No comments: