Wednesday, July 18, 2012

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն լսել է Հայաստանի զեկույցները

Panorama.am. 18-7-2012- Հուլիսի 16-17-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկել է ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները: ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի և ոստիկանության ներկայացուցիչները: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զեկույցի քննարկումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում, կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է զեկույցը, ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, արձանագրված օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված ու նախատեսվող քայլերը: Քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` ներկայացնելով, մասնավորապես, դաշնագրի իրականացման սահմանադրական և իրավական շրջանակները, ինչպես նաև երկրում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանման ու խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը: Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 18 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը հսկում է Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման ընթացքը 4 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցներիի միջոցով:

No comments: