Thursday, July 19, 2012

Բաքու-Թբիլիսի-Կարսը բոյկոտելու են

«Լրագիր» 17-7-2012- Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ հաղորդակցության նախարար Բինելի Յըլդըրըմը տարօրինակ հայտարարություն է արել. «Նախագծի միջազգային ճանաչման նպատակով մեծ միջազգային կոնֆերանս է կազմակերպվելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերաբերյալ»: Դա նշանակում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի շինարարությունն, ինչպես նշվել է, ավարտվելու է 2014 թ, միջազգային ճանաչում չունի: Իսկ ավելի ճիշտ, տարածաշրջանային գրեթե բոլոր խոշոր խաղացողները դեմ են այդ նախագծին: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը պնդում են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցը, Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ Վրաստանը բացի երկաթուղային հաղորդակցությունն Աբխազիայով: Իրանն էլ ինքն է պատրաստվում Հայաստանում ճանապարհ կառուցել: Եվ այդ ֆոնին Բաքու-Թբիլիսի-Կարսը «աչքի փուշ» է դարձել: Համաշխարհային տերությունները հրաժարվել են ֆինանսավորել նախագիծը, եւ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ստիպված են եղել իրենց միջոցները ներդնել նախագծում: Սակայն, ըստ ամենայնի, սպառնալիք կա, որ նախագիծը բոյկոտվելու է: Եվ Թուրքիան որոշել է միջազգային կոնֆերանս հրավիրել այդ առիթով: Համաշխարհային տերությունները բազմիցս են հայտարարել, որ դեմ են Հայաստանը մեկուսացնող նախագծերին: Այդուհանդերձ, Թուրքային ու Ադրբեջանին հաջողվել է Բաքվից Ջեյհան խողովակաշար անցկացնել: Թերեւս, նրանց թվացել է, որ նույն հաջողությամբ կկարողանան երկաթուղի կառուցել, սակայն, ըստ ամենայնի, դա այդպես չէ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին բոյկոտի դեպքում կարող է ոչ միայն չծածկել ծախսերը, այլեւ Բաքվի ու Անկարայի համար քաղաքական բեռ դառնալ: Եվ այժմ ոչ ոք չի թաքցնում դա: Նաիրա Հայրումյան

No comments: