Thursday, July 19, 2012

Հայ-սիրիական տնտեսական կապերի վիճակը

News.am. 19-7-2012- Սիրիայում ընթացող իրադարձություններն, անշուշտ, տարածաշրջանում որոշակի տնտեսական հետեւանքներ կթողնեն: Թեեւ Սիրիան չի համարվում տնտեսապես զարգացած երկիր, սակայն ՀՆԱ-ի 60 մլրդ դոլար մակարդակով եւ 20 մլն բնակչությամբ այն զգալի կշիռ ունի տարածաշրջանում: Երկրի վնասը միջազգային պատժամիջոցների կիրառման հետեւանքով դեռ հունիսի դրությամբ կազմել է 4 մլրդ դոլար, հայտնել է Սիրիայի նավթի նախարար Սուֆիան Ալլաուն: Պատժամիջոցներ սահմանել են Եվրամիությունը, ԱՄՆ-ը եւ Արաբական երկրների լիգան: ԵՄ-ն հումքի ներկրման արգելք է դրել, ինչի արդյունքում նավթի արդյունահանումը երկրում նվազել է: Իսկ նավթը համարվում է Սիրիայի արտահանման կարեւոր հոդվածներից մեկը: Հայ-սիրիական տնտեսական կապերն այնքան էլ զարգացած չեն, հետեւաբար` սիրիական ճգնաժամը Հայաստանի վրա լուրջ ազդեցություն չի առաջացնի: Սիրիայի հետ Հայաստանի տարեկան առեւտրաշրջանառությունը մոտ 5 մլն դոլար է, ինչը մեր արտաքին առեւտրաշրջանառության 1 %-ից էլ պակաս է: Ընդ որում` Հայաստանը գործնականում Սիրիա արտահանումներ չունի` ընդամենը մոտ 45 հազ. դոլար տարեկան, ընդ որում` 2011 թ. արտահանման ծավլը կրկնակի նվազել է 2010 թ. համեմատ: 2011 թ. մեր արտահանման հիմնական հոդվածը եղել են անմշակ մորթիները, իսկ 2010 թ.` անմշակ քարերը: Սիրիայից ներմուծվում են բազմապիսի ապրանքներ, առավել խոշոր հոդվածներն են` կոշիկ, սառնարաններ, փաթեթավորման հումք:

No comments: