Tuesday, July 17, 2012

Գերմանացի քաղաքացիական ակտիվիստը խնդրում է ստորագրել Հայոց ցեղասպանության մասին իր բողոքի դիմումի տակ

News.am. 17-7-2012- Գերմանացի քաղաքացիական ակտիվիստ Ենս Մ-ն խնդրում է ստորագրել
Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր բողոքի դիմումի տակ, որը տեղադրված է avaaz.org` քաղաքացիական հայտարարությունների միջազգային բաց հարթակի կայքում. «Քաղաքացիներին ուղղված 2012թ. հուլիսի 3-ի իր դիմումում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր այն մասին, որ հայերի եւ արամեացիների ցեղասպանության մասին օրինագիծն աջակցություն չի ստանա, քանի որ 1915-16 թթ. «իրադարձությունները» Հայաստանի եւ Թուրքիայի ներքին գործն են: Նման հայտարարությունը 2005 թ. Բունդեսթագի որոշումից հետընթաց է, որով միաձայն ընդունվել էր այդ իրադարձություններում Գերմանական կայսրության դերը: Ինչո՞ւ է Գերմանիայի համար կարեւոր ճանչել ցեղասպանությունը: Ի՞նչ ընդհանուր բան կա դրա հետ: Գերմանիան մյուսներից ավելի լավ գիտի, թե ցեղասպանությունը ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ զոհերի եւ հանցագործների համար: Ավելի վատ է, երբ Ցեղասպանության զոհերը տասնամյակներ շարունակ հրապարակավ մերժում են դա, իսկ զոհերին «խաբեբաներ» են համարում: Ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է: Հանցագործությունն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ մեղավորն ընդունում է այն: Առաջին համաշխարհայինի ընթացքում երիտթուրքերի կառավարությունը սիստեմատիկաբար ոչնչացրել է հայերին եւ քրիստոնյա մյուս ժողովուրդներին: Դա անվիճելի փաստ է: Գերմանական կայսրության մասնակցությունը ցեղասպանությանն ապացուցված փաստ է. գերմանացի զինվորականները պատասխանատու են այդ ջարդերի համար: Գերմանացի մոտ 800 սպաներ են եղել թուրքական բանակի կազմում, գտնվելով նրա հրամանտարության ներքո: Գերմանացի սպաները ստորագրել են տեղահանումների մասին կարգադրությունները: Նրանց թվում է եղել օբեր -լեյտենանտ Սիլվեսթր Բետրիխը, ով ստորագրել է հազարավոր հայերի տեղահանման եւ ոչնչացման մասին կարգադրությունները, պրուսացի գեներալ-մայոր Ֆրիդրիխ Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը, պրուսացի գեներալ Կոլմար Ֆայհեր ֆոն դեր Գոլցը, գնդապետ Օտտո ֆոն Ֆելդմանը, ում խորհրդով «որոշակի տարածք ազատագրվել է հայերից»: Գերմանիան նաեւ ամեն ինչ է արել է` Հայոց ցեղասպանության մասին ցանկացած հողորդագրություն խլացնելու համար: Գերմանացի ռազմական լրագրողներին արգելվել էր շոշափել «հայկական հարցը»: Հիմա արդեն այդ մասին հնարավոր է ազատ արտահայտվել ցանկացած ձեւով: Գերմանիայում թուրքական համայնքը կարող է ազդել գերմանական դպրոցների ուսումնական ծրագրի վրա: 2005թ-ին Բրանդենբուրգի հողի դպրոցների դասգրքերից հանվեց Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը` թուրք դիվանագետների կատաղի բողոքի արդյունքում: Սակայն այսօր Բրանդենբուրգը միակ դաշնային հողն է, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին: Գերմանիայի մնացած մասում, հաշվի առնելով «հանցագործների ժառանգների» կարծիքը, «գերմանական» պատմության այս մասը լռության է մատնվում: Այդ իսկ պատճառով մենք բողոքով դիմում ենք Գերմանիայի խորհրդարանին` պահանջելով, որպեսզի Գերմանիան ճանաչի իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար: Ես կոչ եմ անում Բունդեսթագին, որը դատապարտել է Հոլոքոստը, կրկին օրինակ ծառայել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Գերմանացի իմ համաքաղաքացիներին ես ասում եմ հետեւյալը. Ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր ընտանիքները սպանված, տանջահար եղած լինեին դեպի սիրիական անապատներ մահվան երթում: Ի՞նչ կանեիք դուք, եթե հանցագործների ժառանգները ձեզ անվանեին ստախոսներ միան այն բանի համար, որ դուք ճանաչում եւ հատուցում եք պահանջում: Ստորագրեք, խնդրում եմ, այս բողոքի տակ հանուն արդարության: Ստորագրեք, որպեսզի կասեցվի ցեղասպանության համար անպատժելիությունը»:

No comments: