Sunday, July 22, 2012

Հայոց բանակն ու աղանդավորները

Mardik.am. 21-7-2012- Հայոց բանակնում վերջին տարիների ընթացքում ավելացել են մահվան դեպքերը: Ինչպես ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ զոհված զինվորների մայրերն են ասում` տղա ուղարկեցին բանակ, փոխարենը դիակ ստացան: Եվ շատ ու շատ մահվան դեպքեր, պաշտոնական տվյալների համաձայն` ինքնասպանության հետևանք են: Mardik.am –ի հետ զրույցում Տեր Համբարձում քահանա Դանիելյանը նշեց, որ եթե զորամասերում սպանության դեպքերը վերագրում են իբրև ինքնասպանություն, ապա Աստված թող ների այն մարդկանց , ովքեր կեղծում են տվյալները: Քահանա Դանիելյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ զորամասերում այսօր հոգևորականները շատ անելիքներ ունեն. «Յուրաքանչյուր զինովոր նախ ապագա հայր է, ուստի բանակում նրանք պետք է դաստիարակվեն որպես պիտանի հայրեր: Չնայած քաղաքացի մարդուց անցում կատարելը դեպի զինվորի, այն էլ խիստ ռեժիմով` ամեն զինվոր չէ, որ կարողանում է հաղթահարել այդ փոփոխությունը և ծառացած դժվարությունները»: Քահանայի կարծիքով` ինքնասպանությունների թիվն աճել է ոչ միայն բանակում, և պատճառներից մեկն էլ հեռուստատեսութունն է, որտեղ ինքնասպանության մղող դրվագներ շատ կան. «Ցանկացած մարդ դիտելով նմանատիպ ֆիլմեր կամ հաղորդումներ, ակամայից կարող է ինքնասպանության մոդել ձևավորել մտքում, սակայն, օրինակ` բանակում քահանաները զինվորի համար նաև խոստովանահայրեր են, շատ դեպքեր են եղել, երբ հուսահատված ծառայողը կիսվել է հոգևորականի հետ և զորամաս վերադառնալիս անգամ մոռացել է կյանքին վերջ տալու մասին մտքերը»: Ըստ հոգևորականի` նման մարդիկ, ովքեր փորձում են ինքնասպան լինել, կամ ճնշել դիմացինին` ինքնահաստատման խնդիր ունեն, և շատ ու շատ անհաջող ու կրիմինալ կերպարներն իրենց համար դարձնում են իդեալ: Իսկ ինչ վերաբերում է հայոց բանակում աղանդավորական կազմակերպությունների անդամ դարձած զինվորներին, քահանան նշում է, որ եթե առօրյայում նրանց հանդիպում ենք, ապա բանակը ևս բացառություն չէ. «Մենք հայոց բանակում չենք թողնում, որ աղանդավորականներ մնան, ամեն ջանք գործադրում ենք նրանց դարձի բերելու և մեր հավատքը քարոզելու համար»: Տեր Համբարձումը զրույցի ընթացքում հավելեց, որ բանակում աղանդավոր զինծառայողները մշտապես իրենց պահանջներն են թելադրում` մասնավորապես զենք չբռնելու և չկիրառելու առումով. « Աղանդավոր զինվորները լավ գիտեն, որ կարող են բողոքել և դիմել այս կամ այն մարմնին` իրենց իրավունքները պաշտպանելու համար, իսկ այսօր, ցավոք, նրանք առավելություններ ունեն։ Կարծում եմ` սա օրենքի անկատարություն է»: Քահանա Դանիելյանը պատմեց, որ հոգևորականները բանակում նաև դիմում են Առաքելական եկեղեցու հետևորդ զինծառայողներին խնդրանքով, որպեսզի նրանք աղանդավորական զինակից ընկերներին չծաղրեն ու չճնշեն: Ըստ քահանայի` 10 աղանդավոր զինվորից գոնե 5-ը երկու տարվա ընթացքում փոխվում է և դառնում ճշմարիտ հավատքի: Իսկ այն զինվորները, որոնց ընտանիքի անդամներն աղանդավոր են, չեն ցանկանում փոխել իրենց տեսակետը, վախենալով, որ խնդիրներ կունենան հարազատների հետ. « Նրանցից շատերը երկու տարիների ընթացքում հասցնում են հասկանալ մեր հավատքի իմաստը, ընդունում են, սակայն իրենց անձնական շահերից ելնելով, թեկուզև բանակում առավելություններ ունենալու համար չեն էլ ցանկանում հրաժարվել իրենց «հավատքից», քանի որ իրենց առջև բազում դռներ են բացվում»:

No comments: