Պայծառակերպությունը կամ Վարդավառը: Այն եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, նշվում է սուրբ Զատիկից 90 օր անց։ Տոնի խորհուրդը ներկայացնելու համար այսօր լրագրողներին հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայ Շահե Աբեղա Անանյանը: Նա ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու պարագայում կան տոներ, որոնք իրենց բովանդակությամբ առնչվում են Քրիստոսի երկրավոր կյանքի իրադարձություններին` «Վարդավառի պարագայում, Քրիստոսի այն նշանավոր դրվագն է, երբ Քրիստոսն իր աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռը, և այնտեղ, ինչպես Ավետարանն է նշում, ցույց է տալիս իր Աստվածության ողջ փառքը»։ Հոգևորականը նշեց, որ սա այն տոնն է, որտեղ բացահայտվում է Ավետարանով մեզ տված Հիսուս Քրիստոսի Աստվածությունը։ Ինչո՞ւ է տոնը կոչվում է Վարդավառ: Քահանան ասաց, թե կան բազմաթիվ վկայություններ, որ այս տոնը նաև հեթանոսական արմատներ ունի և նշանակում է ջուր կամ վարդ շաղ տալ. «Վարդավառը ջրի օրհնության և իրար վրա ջուր ցանելու ավանդույթն է, որը քրիստոնեական շունչ է ստացել»: Ինչպես տեղեկանում ենք Արարատյան թեմի պաշտոնական կայքից, Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: և ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայիե: և մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեքե: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան: և Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք և մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Saturday, July 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment