Saturday, July 14, 2012

Վիտալի Բալասանյանը խոստացել է ընտրվելու դեպքում Ժիրայր Սեֆիլյանին շնորհել ԼՂՀ քաղաքացիություն

Tert.am. 14-7-2012- ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի հարցին՝ արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության շուրջ: Վիտալի Բալասանյան նախընտրական շտաբից փոխանցած տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև. «Այսօր հայաստանյան մամուլում «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, հարց է ուղղել ԼՂՀ նախագահի թեկնածուներին: ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։ բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: Վիտալի Բալասանյանը հարցի նկատմամբ ունի հստակ կարծիք: Յուրաքանչյուր հայ իրավունք ունի դառնալու Արցախի քաղաքացի: Անթույլատրելի է, երբ որևէ հայի մերժվում է հայաստանյան քաղաքացիություն տալը: Էլ առավել անընդունելի է, երբ քաղաքացիություն չի տրվում արցախյան պատերազմում էական ներդրում ունեցող հրամանատարին: Ավելին`մեզ պարտադրված պատերազմում արցախցու կողքին կանգնած յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ունի Արցախի քաղաքացի դառնալու իրավունք: Վիտալի Բալասանյանի նախագահ ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումն է լինելու: Օրենքը կենթադրի նաև երկքաղաքացիության ինստիտուտ: Անկախ օրենքի առկայությանը` Ժիրայր Սեֆիլյանին նախագահի հրամանագրով կշնորհվի Արցախի քաղաքացիություն: Վիտալի Բալասանյանի համար այս հարցը նաև բարոյական կողմ ունի: Ժիրայրը հայրենիքից դուրս բնակվող հայերի այն ներկայացուցիչն է, ովքեր հայրենիքի վտանգի դեպքում իրենց նետեցին պատերազմի բոցերի մեջ: Մենք իրավունք չունենք նման տեսակը ոչնչացնելու: Վիտալի Բալասանյանի` նախագահ դառնալու դեպքում, Արցախը դառնալու է մեր հայրենիքի այն մասը, որտեղ աշխարհի տարբեր երկրների հայորդիները հնարավորություն կունենան առանց արհեստական խոչընդոտների իրականացնել իրենց ներուժը»:

No comments: