Saturday, July 14, 2012

Հմայակ Հովհաննիսյանը առաջադրվելով մաքրելու է իր անվան վրայի բիծը

Tert.am. 14-7-2012- Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և դրանով իսկ մաքրել իր քաղաքական-հասարակական կենսագրության մեջ առկա բիծը: Tert.am –ի հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանը հավելեց, որ առաջադրվելու խնդրանքով իրեն դիմել են Հայաստանի քաղաքագետների միության անդամներն ու շարքային քաղաքացիներ: «Եվ հիմնական փաստարկը, որ նրանք բերում են, այն է, որ դա միակ ձևն է՝ մաքրվելու այն սխալ քայլից, որ ես կատարեցի մասնակցելով ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով»- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Ի պատասխան այն հարցի, թե ինչպես պատահեց, որ 20-ամյա քաղաքական գործունեության փորձ ունեցող անձը նման սխալ քայլ կատարեց, ինչպես ինքն է ձևակերպում, Հմայակ Հովհաննիսյանն ասաց.« Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում և ինչպես ռուսներն են ասում՝ чужая душа – потемки (չգիտես, թե ուրիշի մտքին ինչ կա): Եվ այնուամենայնիվ, մեղադրել կարելի է նրանց, ովքեր ոչ թե սխալվում են, այլ ճիշտ ժամանակին իրենց սխալները չեն ուղղում»: Նշենք, որ Հմայակ Հովհաննիսյանը հավանաբար կառաջադրվի երկու մեծամասնական ընտրատարածքներից մեկում. կամ Գյումրու 35 կամ Երևանի 1 ընտրատարածքում, եթե այնտեղ պատգամավորի լրացուցիչն ընտրություններ անցկացվեն: Գյումրու և Երևանում առաջադրվելու միջև Հմայակ Հովհաննիսյանը տարբերություն չի տեսնում իր հաղթելու հավանականության առումով, քանի որ իրեն համարում և՛ բնիկ երևանցի, և՛ հայաստանցի, որը գիտի և ճանաչում է խնդիրները: Ընտրվելու դեպքում Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարանում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության և այլ առումներով հանդես է գալու պետականամետ դիրքերից: «Ես իմ քաղաքական կենսագրության ընթացքում միշտ հանդես եմ եկել պետականամետ դիրքերից և այդ տերմինը՝ «պետականամետ» ես եմ ներմուծել հայ իրականության մեջ՝ այն հակադրելով կուսակցապետ, ինչպես նաև՝ իշխանամետ դիրքորոշումներին, որովհետև դրանք տարբեր բաներ են»,-ասաց քաղաքագետը: Իսկ համագործակցելու է բոլոր կուսակցությունների հետ, ներառյալ նաև Հանրապետականը, ««բայց ելնելով ոչ թե հատվածական, կուսակցական, հատվածապաշտական, այլ համազգային մոտեցումներից»: Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյան-ՀՀԿ հարաբերություններին, ապա Հմայակ Հովհաննիսյանը երբեք էլ Հանրապետական կուսակցությանը ախոյան չի համարել և առաջնորդվել է աստվածաշնչյան սկզբունքով։ «Ես, ինչպես մյուս կուսակցություններին, քննադատում եմ Հանրապետական կուսակցությանը , բայց նրան քննադատում եմ ավելի շատ, որովհետև իշխող ուժ է, որից ավելի մեծ հաշիվ պետք է պահանջես, քան մյուսներից: Քննադատում են նրան, ումից պետք է ակնկալիք ունենալ և պահանջատեր լինել, քանի որ, ում շատ տրված է, նրանից էլ շատ պահանջվում է»,– ընդգծեց նա: Իսկ առհասարակ, ՀՀԿ–ի հետ Հմայակ Հովհաննիսյանի համագործակցությունը խորը արմատներ ունի. նա դեռ 1997 թվականին կազմակերպել է «ստեփանակերտյան հայտնի խորհրդաժողովը», որին, ըստ մեր զրուցակցի, հաջողվել էր կողք կողքի նստեցնել հայաստանյան բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին և այս ընթացքում կողք կողքի նստել է Հանրապետական կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի հետ, եղել է նրա ընկերը: Հմայակ Հովհաննիսյանը նաև հարկ համարեց ընդգծել, որ ստեփանակերտյան համաժողովի բոլոր մասնակիցների կողմից դրվեցին այն գաղափարական հիմքերը, որոնք էլ դարձան սրանից մի քանի ամիս հետո իրականացված իշխանափոխության համար: Այնպես որ, Հմայակ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ այս ընտրություններին ձևավորված միասնական շտաբը, որի «մոդերատոր» է համարում իրեն, և որը , հիշեցնենք, գործում էր այն ժամանակ, երբ Հմայակ Հովհաննիսյանը դեռ ԲՀԿ համամասնական ցուցակում էր, քաղաքական ուժերին ինչ-որ գաղափարի շուրջ համախմբելու իր առաջին փորձը չէր:

No comments: