Wednesday, July 11, 2012

Տեր-Պետրոսյանը կխախտի՞ ավանդույթը

«Լրագիր» 11-7-2012- 2013 թվականի նախագահի ընտրության թեկնածուների հարցն ավելի ու ավելի առաջնային պլան է գալիս հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում: Հանրության տարբեր խմբեր փորձում են կանխատեսել, դիտարկել կամ վերլուծել, թե ով կառաջադրվի քաղաքական գործիչների հիմնական սպեկտրից, եւ ինչ զարգացում կարող է լինել այդ առաջադրումների այս կամ այն դասավորության դեպքում: Այդ առումով, թերեւս արժե արձանագրել Հայաստանի համար մի հետաքրքրական դիտարկում: Հայաստանի նախագահի ընտրություն անցկացվել է 5 անգամ: 2013 թվականի ընտրությունը լինելու է վեցերորդը: Նախորդ բոլոր 5 անգամներում արձանագրվել է հետեւյալ երեւույթը՝ նախորդ ընտրությանը պարտված հիմնական թեկնածուն, կամ այսպես ասած պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն չի առաջադրվել հաջորդ ընտրությանը, կամ առաջադրվելու դեպքում արդեն չի ունեցել էական դերակատարում: Օրինակ, 1991 թվականին Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը Պարույր Հայրիկյանն էր: 1996 թվականին արդեն մրցակիցը փոխվել էր՝ Վազգեն Մանուկյան, իսկ Հայրիկյանը ընդամենը սատարեց Վազգեն Մանուկյանին: 1998 թվականին արդեն, Ռոբերտ Քոչարյանի հիմնական մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր, իսկ Վազգեն Մանուկյանը չկարողացավ որեւէ կերպ էականորեն միջամտել Քոչարյան-Դեմիրճյան պայքարին, իսկ երկրորդ փուլում ընդհանրապես որեւէ մեկի օգտին չկողմնորոշեց իր ընտրողներին: 2003 թվականին Կարեն Դեմիրճյանն այլեւս ողջ չէր. նա դարձավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ: Դժվար է ասել, թե արդյոք Կարեն Դեմիրճյանը կառաջադրեր իր թեկնածությունը 2003-ին, եթե 1999-ին քաղաքական դաշինք կազմեց Վազգեն Սարգսյանի հետ: 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի հիմնական մրցակից դարձավ Ստեփան Դեմիրճյանը: 2008 թվականին Ստեփան Դեմիրճյանը չառաջադրվեց, այլ միացավ աշխույժ քաղաքականություն վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բայց, թերեւս աներկբա էր, որ անգամ Տեր-Պետրոսյանի չվերադառնալու պարագայում Ստեփան Դեմիրճյանն այլեւս չէր լինի նախագահի իշխանական թեկնածուի հակառակորդ, առավել եւս, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը նրա կուսակցությունը՝ ՀԺԿ-ն, չկարողացավ հաղթահարել անգամ 5 տոկոսի շեմը: 2008 թվականին պաշտոնապես պարտված թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանը կառաջադրվի 2013-ին, եւ արդյո՞ք նրան կհաջողվի խախտել ձեւավորված ավանդույթը եւ երկու անգամ անընդմեջ լինել իշխանության թեկնածուի առնվազն հիմնական հակառակորդ, էլ չասած այդ թեկնածուին երկրորդ փորձով հաղթելու մասին: Այդ հարցի պատասխանը զգալի մասով թերեւս կախված է նրանից, թե արդյոք Տեր-Պետրոսյանը կլինի միասնական թեկնածու ընդդեմ Սերժ Սարգսյանի, կամ առնվազն Կոնգրեսի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածու: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: