Thursday, July 12, 2012

Ինչու՞ Սերժ Սարգսյանն այդպես էլ չցավակցեց Ավետյանների ընտանիքին

Zham.am. 12-7-2012- Հայկական բանակի սպա Վահե Ավետյանի մահը ռումբի պայթյունի դեր կատարեց և շատերի համար անսպասելիորեն ավելի մեծ արձագանք ստացավ հասարակությունում, քան նախկինում էր: Իհարկե, այստեղ կային մի քանի պատճառներ, սակայն երևացողը հետևյալն էր: Հանցագործները Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն էին /մի օլիգարխի, որին հատկապես չեն սիրում հասարակությունում/, իսկ զոհը պատահական մարդ չէր, հայկական բանակի սպա էր: Բացի այդ, աշխատեց նաև` «համբերության բաժակը լցված է» հայտնի սկզբունքը, որից մեկ քայլ է պակասում` այն իրադարձությունների կրկնության, որոնք կատարվեցին Թունիսում և մյուս արաբական երկրներում: Եվ հենց այս պահն էլ շփոթության մեջ է գցել իշխող վերնախավին և անձամբ Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչ է կատարվում նրա շրջապատում այս հարցի շուրջ, մեկ այլ հոդվածի թեմա է: Միայն արձանագրենք, որ այդ շրջապատը այսօր խիստ անհանգստացած է: Սերժ Սարգսյանը չէր սպասում այսպիսի հասարակական արձագանքի, և ուրեմն, այս պրոցեսներն էլ, նախկինի պես, դժվար կլինի կառավարել: «Սերժ Սարգսյանը դժվար է որոշումներ կայացնում»` Սամվել Բաբայանի կողմից նախկինում հնչեցրած տեսակետը տեսանելի է այսօր: Իսկ դա նշանակում է, որ ֆորս- մաժորային իրավիճակներում, իրոք որ, գործող նախագահը չի կարողանում որոշում կայացնել : Եվ ահա այս հարցում էլ նա ռիսկ չարեց ցավակցել Ավետյանների ընտանիքին, փոխարենը նրանց տուն սփոփանքի խոսքեր ասելու համար ուղարկեց իր տիկնոջը` Ռիտա Սարգսյանին: Հետևելով գործող նախագահի պահվածքին` Ավետյանների ընտանիքին չցավակցեցին ո'չ ԱԺ նախագահը, ո'չ էլ վարչապետը: Նույնիսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քայլերն էին երկիմաստ: Նա որևէ լուրջ դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ, փոխարենը փորձեց «լավ մարդ» երևալ թե հասարակության առջև` գնալով Ավետյանների տուն, և թե փորձեց չջղայնացնել գործող նախագահին և նրա մտերիմ ընկերոջը` Ռուբեն Հայրապետյանին: Փոխարենը ավելի ուղիղ և սպային արժանավայել դիրքորոշում ցուցաբերեց բանակի գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը, ով չափազանց խիստ նախազգուշական հայտարարությունով հանդես եկավ` ներկայացնելով փաստացի բանակի վերնախավի տեսակետը այս հարցում: Այսպիսով, կարելի է վերահաստատել այն հանրահայտ կարծիքը, որ ֆորս- մաժորային ճգնաժամային իրավիճակներում գործող նախագահը չափազանց դժվար և դանդաղ է որոշումներ կայացնում: Եվ այդ իմաստով նրա որոշումները կարող են ուշացած լինել և հետ ընկնել հասարակական զարգացումներից: Իսկ այս վերջին հանգամանքը կարող է ճակատագրական դառնալ գործող նախագահի համար: Արտակ Հակոբյան

No comments: