Thursday, July 19, 2012

Ջավախքի հարց, եկեղեցիներ... Չլուծված խնդիրներ Հայ-վրացական հարաբերություններում

Panorama.am. 18-7-2012- «Ես կարծում եմ, որ Վրաստանի հետ հարաբերություննեի զարգացումն այն տրամաբանության մեջ է լինելու, որն ունենք վերջին տարիներին: Առկա են որոշ չլուծված խնդիրներ, հատկապես Ջավախքի հարցում, եկեղեցիների հարցում և այլն, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ունեն և´ տնտեսական, և´ քաղաքական, և´ պատմական բավական լուրջ հիմք»,- անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին և ակնկալվող զարգացումներին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում որոշակի աշխուժացում է նկատվում: Սույն թվականի հուլիսի 13-ին Սամցխե-Ջավախքի Կարզած գյուղում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և տեղի մի շարք պաշտոնյաներ: Նույն օրը կայացել է նաև Հայաստանի դեսպանի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Իվանե Ծիկլաուրիի հանդիպումը: Հուլիսի 14-ին Ջիվանու օրվա կապակցությամբ Սամցխե-Ջավախքում էր մեկնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Վաշաձեի հանդիպումը: «Ես չեմ կարծում, որ երկու երկրների հարաբերություններում որևէ բացասական զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ընդհակառակը, կարծում եմ, որ այդ զարգացումներն ունենալու են միայն դրական միտում»,- հավելեց նա:

No comments: