Tuesday, July 17, 2012

Երբ միջնորդները կզզվեն

«Լրագիր» 17-7-2012- Հայաստանը եւ Ղարաբաղը գրեթե չեն արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Չնայած հայտարարությունն իրոք սենսացիոն էր, զգացողությունն այնպիսին էր, որ միջնորդներն իրոք Բաքվում համաձայնեցրել են թռիչքների անվտանգության հարցը, եւ շուտով, հնարավոր է, նույնիսկ հուլիսի 19-ին՝ ԼՂՀ նախագահի ընտրության օրը, կիրականացվի առաջին թռիչքը: Սակայն Ադրբեջանն արդեն հասցրել է հայտարարել, որ ցանկացած թռիչք համարվելու է իր օդային տարածքի խախտում, եւ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվելու: Արդեն պատրաստ օդանավակայանի շահագործման հարցը շարունակում է կախված մնալ օդում: Փոխարենը, կոնկրետացել է հարցը, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկելու միջնորդները, եթե Ադրբեջանը շարունակի մերժել բոլոր նախաձեռնությունները եւ «վստահության միջոցառումները»: Բաքուն մերժել է առաջին գծից դիպուկահարներին հետ քաշելու, սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմեր ստեղծելու, չհարձակման պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկները: Այժմ էլ սպառնում է հարվածել Ղարաբաղի վրայով թռչող ինքնաթիռներին: Ըստ ամենայնի, եւս մի քանի այսպիսի մերժում, եւ միջնորդներին հարկ է լինելու հայտարարել, որ Ալիեւի հետ բանակցություններ վարելն անիմաստ է: Եվ այդ ժամանակ միակ տարբերակը կմնա ԼՂՀ միջազգային ճանաչումը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բաքվի մերժումը եւս մեկ հետաքրքիր նրբություն է ի հայտ բերել: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը եւ Թուրքիան պարբերաբար հայտարարում են, որ առաջին քայլը պետք է դառնա հայկական ուժերի դուրսբերումը Ղարաբաղից: Հնարավոր է, հենց այդ պայմանն է առաջ քաշվել օդանավակայանը բացելու «թույլտվության» դիմաց: Սակայն, ըստ ամենայնի, հայկական կողմը մերժել է: Չնայած ավելի հավանական է, որ միջնորդներն իրենք են պնդել դա: Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման մերժումն է հատկապես նյարդայնացնում Բաքվին: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կասկած է հայտնել Մինսկի խմբի աշխատանքի արդյունավետության հարցում: Բաքվում դեռեւս չեն հասկացել, որ միջնորդներից եւ ոչ մեկը՝ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, շահագրգռված չեն Ադրբեջանին տարածքներ տալու մեջ: Առավելագույնը, ինչին նրանք համաձայն են, Ղարաբաղի անկախությունը ժամանակավորապես չճանաչելն ու ստատուս-քվոն պահպանելն է: Սակայն այդ պահն էլ կգա, առավել եւս, որ Բաքուն հենց դրան է դրդում միջնորդներին: Ինչ վերաբերում է օդանավակայանին, բացի նրանից, որ այն իրոք պետք է Ղարաբաղի բնակիչներին, որն արտաքին աշխարհի հետ կապված է միայն ավտոճանապարհով, թերեւս այն պետք է նաեւ միջնորդներին: Դժվար է ասել, թե ինչի համար: Տարբերակները տարբեր են՝ սկսած Արեւմուտքի համար դեպի Աֆղանաստան ռազմական բեռների փոխադրումից, վերջացրած ռուսական զորքերի համար ռազմական բեռների մատակարարումով: Եվ, ըստ ամենայնի, Բաքուն դեմ է հենց այդ տարբերակներին: Նաիրա Հայրումյան

No comments: