Monday, July 16, 2012

Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններն աչքի են ընկնում ջերմությամբ. Գարեգին Բ

Tert.am. 17-7-2012- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկու և Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի, այս մասին տեղեկացնում եմ Մայր Աթոռի լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունել է կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի և Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով նաև կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Նորին Սրբությունը բարձր է գնահատել վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծել է, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը: Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական իր սերն ու ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետին: Իր հերթին, կարդինալ Սանդրին ևս ուրախություն է հայտնեց հանդիպման առիթով և անդրադարձել Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է նաև Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելել են Մայր Տաճար, աղոթք բարձրացրել Իջման Ս. Սեղանի առջև:

No comments: