«Լրագիր» 13-7-2012- Օրերս Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե պետք է դյուրացված կարգով քաղաքացիություն տալ բոլոր այն անձանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ տարածքում: Հետխորհրդային տարածքում ինտեգրացիան խթանելը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիր հռչակած Պուտինի գաղափարը պարզ է. Ռուսաստանը պատրաստ է արագ քաղաքացիություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր հետխորհրդային հանրապետություններից մեկնում են Ռուսաստան աշխատելու: Այդ մարդիկ, կամ այսպես ասած աշխատանքային այդ միգրանտները, բազմաթիվ խնդիրներ են ունենում գրանցման, կացության իրավունքի հետ կապված: Նրանք սիրով կընդունեն Ռուսաստանի քաղաքացիություն, եթե կարգը լինի դյուրացված: Իսկ ինչ է նշանակում, եթե աշխատանքային միգրանտները դառնում են Ռուսաստանի քաղաքացի: Դա նշանակում է, որ սկսում է կտրվել նրանց կապը իրենց հայրենիքի, պետության հետ: Հոգեբանական կապի խզվածքը ստանում է անձնագրային կնիք, այդպիսով դառնում անդառնալի: Ստացվում է մի վիճակ, երբ տվյալ երկիրն իրենց տրանսֆերտներով պահում են ոչ թե այդ երկրի քաղաքացիները, այլ Ռուսաստանի քաղաքացիները: Թվում է, թե տարբերությունն ընդամենն իրավական կարգավիճակն է, մինչդեռ իրականում դրա տակ կա բավական խորքային, հոգեբանական եւ անգամ ֆիզիկական հետեւանքով տարբերություն, որովհետեւ Ռուսաստանի քաղաքացիները կարող են հետո իրենց հարազատներին տանել Ռուսաստան: Այդպիսով, Ռուսաստանը մի կողմից լուծում է իր ժողովրդագրական խնդրի առնվազն մի մասը, մյուս կողմից ավելացնում իր ազդեցությունը այն երկրների վրա, որոնց քաղաքացիներին յուրացնում է: Ինչպես հայտնի է, այդ խնդիրը ունի նաեւ Հայաստանը: Հայաստանի քաղաքացիները տարեկան տասնյակ հազարներով մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Եթե նրանք հնարավորություն ստանան արագացված կարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն, ապա կասկած չկա, որ արտագնա աշատանքի մեկնողները եթե ոչ միանգամից, ապա կամաց-կամաց կդադարեն վերադառնալ Հայաստան եւ Ռուսաստան կտեղափոխեն իրենց ընտանիքները: Ժողովրդագրական լուրջ խնդիր ունեցող Հայաստանի համար դա չափազանց մեծ մարտահրավեր է, հատկապես նկատի ունենալով այն, որ դեռ հայաստանցիների մոտ 70 տոկոսի «խելքը գնում» է Ռուսաստանի համար: Այդպիսով, պուտինյան արտաքին քաղաքականության առանցքում է հայտնվում մի նպատակ, որը կարծես թե էապես հակասում է Հայաստանի պետական շահին եւ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: Դրան զուգահեռ, Պուտինն առաջ է մղում Եվրասիական միության գաղափարը: Չի բացառվում, որ ընդամենը մի քանի տարի անց կներդրվի Եվրասիական միության քաղաքացու գաղափարը, ինչի հիման վրա Ռուսաստանը կարող է հիմնավորել իր միգրացիոն քաղաքականությունը, ասելով, թե ոչ մի տարբերություն չկա որ երկրի անձնագիրն է կրում Եվրասիական միության քաղաքացին: Հայաստանը պաշտոնական մակարդակով կարծես թե դեմ է արտահայտվել Եվրասիական միությանը: Ռուսական մամուլում հրապարակված հոդվածով վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության հեռանկարը շահավետ չէ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, փոխարենը Հայաստանի համար կարեւոր է Եվրամիության հետ տնտեսական հարաբերության խորացումը, քանի որ այդ տարածության չափանիշներն ու չափորոշիչները կխթանեն Հայաստանի տնտեսության զարգացումն ու մրցունակությունը: Միեւնույն ժամանակ, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը ստանձնել է Հայաստանում Եվրասիական միության գաղափարի տարածման գործը՝ իր գլխավորած հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության խողովակներով: Կասկած չկա, որ Ռուսաստանը փորձելու է Հայաստանին պարտադրել այդ գաղափարը, այլապես Կովկասն ընդհանրապես դուրս կմնա Եվրասիական միությունից, ինչը կնշանակի պուտինյան արտաքին քաղաքական դոկտրինի տապալում: Եվ թերեւս գաղափարի պարտադրման մեթոդներից կլինի նաեւ այն, որ Ռուսաստանը պարզապես «կգողանա» Հայաստանի քաղաքացիներին, փաստացի որպես պատանդ Եվրասիական միության գաղափարի համար: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Saturday, July 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment