Wednesday, July 18, 2012

Ծիծեռնակը փող էր շինում, եւ շինում էր, եւ երգում

«Լրագիր» 18-7-2012- Սիրիայի իրադարձությունների ֆոնին, Հայաստանը հայտնվեց բավականին ծանր կացության առաջ, կապված հայ համայնքի խնդրի հետ: Մի կողմից պարզ է, որ շատ բարդ կլիներ պաշտոնական Երեւանի համար հրապարակային որեւէ կողմնորոշում հայտնել սիրիրահայ համայնքի հետ կապված, որեւէ կոչ աներ այդ համայնքին, մյուս կողմից էլ Հայաստանը պարտավոր էր որեւէ բան անել ոչ հրապարակային խողովակներով: Ու մինչ պաշտոնական Երեւանը կկողմնորոշվեր ինչ անելը, կարծես թե կողմնորոշվեց “պաշտոնական Արմավիան”: Համացանցում, լրատվական մի շարք միջոցներում եւ սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ Արմավիան այս օրերին ոչ միայն թանկացրել է Հալեպից Երեւան ավիատոմսի գինը, այլ նաեւ չի վաճառում միակողմանի ավիատոմս՝ այսինքն պետք է անպայման գնել Հալեպ-Երեւան-Հալեպ: “Պաշտոնական Արմավիան” դեռեւս որեւէ հերքող տեղեկություն չի տարածել թե տոմսերի թանկացման, թե միակողմանի ավիատոմսերի վաճառքը բացառելու տեղեկատվության կապակցությամբ: Արմավիան ազգային փոխադրողն է, որը վերջին շրջանում հայտնվել է ֆինանսական պարտավորությունների ցանցում, ինչի հետեւանքով ունենում է իր գործունեության խափանման պարբերական խնդիրներ: Օրերս էլ տեղեկություն տարածվեց, թե Արմավիան կարող է վաճառվել, իսկ գնորդը կլինի Ռուսաստանը՝ հայաստանցի գործարար, ներկայում մոսկվաբնակ Հարություն Փամբուկյանով միջնորդավորված: Բայց, ըստ երեւույթին, Արմավիան պետք է ոչ թե վաճառել, այլ լուծարել ընդհանրապես եւ ստեղծել արդիական, մրցունակ եւ կենսունակ մի ավիափոխադրող ընկերություն, որը կզլանա փող աշխատել ծանր կացության առաջ հայտնված սիրիահայերի հաշվին: Իսկ ավելի ճիշտ տարբերակն իհարկե այն է, որ Հայաստանում ազատականացվի ավիաշուկան եւ ներգրավվեն նոր ներդրումներ, որոնք հնարավորություն կտան ոլորտը դուրս բերել լճացումից եւ Հայաստանի համար կարեւորագույն ենթակառուցվածք հանդիսացող օդային ուղեւորափոխադրումը համապատասխանեցնել միջազգային չափանիշի: Ինչ վերաբերում է կոնկրետ Հալեպի ուղղությամբ Արմավիայի գործողություններին, ապա նկատի ունենալով, որ գործ ունենք Ազգային ավիափոխադրողի հետ, թերեւս պետք է արձանագրել, որ Արմավիային համահավասար պատասխանատվություն է կրում նաեւ Հայաստանի կառավարությունը: Փաստորեն պաշտոնական Երեւանն այդպես է արձագանքում սիրիահայության խնդրին, այդ առաջարկն է անում սիրիահայերին: Մինչդեռ, Հայաստանը թերեւս պետք է բոլորովին այլ առաջարկներ աներ Սիրիայի հայերին: Մինչեւ անգամ առավել ողջախոհ առաջարկ կլիներ Սփյուռքի նախարարության չինովնիկների ուսը. Չինովնիկների ուսերի վրա նրանց Հալեպից Երեւան տեղափոխելու տեսքով: Դա նաեւ Սփյուռքի նախարարության համար կլիներ սեփական գոյությունն արդարացնելու կամ իմաստավորելու եզակի հնարավորություն: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: