Wednesday, July 18, 2012

Ինչն է խթանել հայ-իրանական կապը

«Լրագիր» 18-7-2012- Իրանի եւ Հայաստանի սահմանին նախատեսվում է ազատ առեւտրի գոտի ստեղծել: IRNA իրանական գործակալության տեղեկության համաձայն, Իրանի Նորդուզ սահմանակից շրջանում նման գոտու բացման մասին համաձայնությունը ստորագրվել է իրանական ազատ տնտեսական գոտու ղեկավար Սադեկ Նաջաֆիի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ, Նաջաֆիի՝ Հայաստանի կատարած եռօրյա այցի ընթացքում: Սահմանին նաեւ շուկա է բացվելու: Միեւնույն ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-իրանական սահմանին անտառային գոտի ստեղծելու մասին: Ըստ ամենայնի, ինչ-որ բան խթանել է հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը: Մինչ այժմ խոշոր նախագծերի մասին միայն խոսել են, իսկ գործը որոշակիության չի հասել հիմնականում այն պատճառով, որ Հայաստանը չէր կարող դեմ գնալ արեւմտյան պետություններին, որոնք ուժեղացրել են Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Բացի այդ, Ռուսաստանը խանդով է վերաբերվում հայ-իրանական հարաբերություններին, հատկապես գազի հարցում: Հնարավոր է, Արեւմուտքը հավանություն է տվել Հայաստանի եւ Իրանի կապերին, որպեսզի թուլացնի Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը: Սակայն կապերի ակտիվացումը կարող է կապված լինել նաեւ այն բանի հետ, որ Իրանն արդեն զգում է Սիրիայի հարցի հանգուցալուծումից հետո վտանգի մոտենալը: Հուլիսի 10-ին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին առաջին անգամ կոչ արեց իր ժողովրդին պատրաստվել պատերազմի եւ աշխարհի վերջին: Իրանցիներին ուղղված ուղերձում Խամենեին հայտարարել է. «Ալլահի ղեկավարությամբ եւ նրա անտեսանելի օգնությամբ մենք այնպես կանենք, որ իսլամական քաղաքակրթությունը հաղթանակի համաշխարհային ասպարեզում»: Օգոստոսին Սերժ Սարգսյանը մտադիր է Մահմուդ Ահմադինեջադի հրավերով այցելել Իրան: Բացի այդ, հայտարարվել է, որ խոշոր նախագծերի իրականացումը այսօրվա հրամայականն է եւ ելնում է ընդհանուր շահերից: Հայկական կողմը մտադիր է մի քանի անգամ մեծացնել հայ-իրանական ապրանքաշրջանառության ծավալները: Այս մասին հուլիսի 9-ին Իրանի ՆԳ նախարար Մոստաֆա Մոհամադ Նաջարի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Երկկողմ օրակարգի մեջ են մտել մի շարք հավակնոտ ծրագրեր՝ սկսած Արաքսի վրա ՋԷԿ-ի կառուցումից վերջացրած Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմամբ: Սակայն, ըստ ամենայնի, Իրանը եւ Հայաստանը քննարկում են ոչ միայն տնտեսական խնդիրները, այլեւ անվտանգության խնդիրները: Զուր չէ, որ Հայաստան է եկել Իրանի ՆԳ նախարարը, ով հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ, այդ թվում ԱԻՆ ղեկավարի: Ամենայն հավանականությամբ, քննարկվել են Իրանի հետ կապված իրադարձությունների զարգացման հեռանկարները, փախստականների հնարավոր հոսքը: Հայաստանը եւ Իրանը չէին կարող չքննարկել ղարաբաղյան խնդիրը: Ինչպես հայտնի է, Իրանը դեմ է հակամարտության գոտում արտասահմանյան զորքեր մտցնելուն եւ պատրաստակամություն է հայտնում միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ըստ ամենայնի, օգոստոսին Իրանում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Նաիրա Հայրումյան

No comments: