Wednesday, July 11, 2012

Արեւմուտքը կվճարի՞ «ապառուսացումը»

«Լրագիր» 11-7-2012- «Արմավիա» ավիաընկերությունը որոշել է մեկական Airbus եւ Boeing ինքնաթիռներ ձեռք բերել, գրում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հայկական փոխադրողը հրաժարվել է ձեռք բերել 2-րդ Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ը: Այս տեղեկությունը տարածվել է այն բանից հետ, երբ ռուսական մամուլում խոսակցություններ հայտնվեցին, որ Միխաիլ Բաղդասարովը մտադիր է ավիաընկերությունը Հարություն Փամբուկյանի միջոցով վաճառել ռուսական ընկերություններին: Այս տեղեկություններից ո՞րն էր մյուսի շարունակությունը: Չի բացառվում, որ Բաղդասարովը հրաժարվել է գնել Սուպերջեթը, ինչից հետո ռուսական կողմը նրա դեմ տեղեկատվական պատերազմ է սկսել՝ շշուկներ բաց թողնելով, որ ընկերությունը վաճառվում է: Այժմ խոսում են այն մասին, որ Հայաստանը, իբր, պատրաստ է տրամադրել Հայռուսգազարդի իր բաժնեմասը, որպեսզի մինչեւ նախագահական ընտրություն Ռուսաստանը չհայտարարի գազի գնի բարձրացման մասին: Իսկ գազը, ինչպես ասում են, արդեն թանկացել է 60 դոլարով, պարզապես այդ մասին չի խոսվում: Հնարավոր է, բաժնեմասն էլ է արդեն պատկանում Ռուսաստանին: Եթե Ռուսաստանին հաջողվի ստանալ Հայռուսգազարդը եւ Արմավիան, կարելի կլինի ասել, որ Հայաստանը ռուսական գերիշխանությունից դուրս բերելու արեւմտյան փորձն անհաջողության է մատնվել: Արեւմուտքում հասկանում են, որ ամեն ինչ գին ունի, եւ Հայաստանին բարեփոխումներ անցկացնելու համար նվազագույն աջակցությամգ գործը գլուխ չի գա: Կամ հարկ է լինելու ծածկել Հայաստանի անխուսափելի «վնասը», կամ էլ հավերժ կորցնել նրան: Երկու տարբերակ կա՝ Արեւմուտքը Հայաստանում պահում է ներկայիս իշխանությանը եւ փող տրամադրում, որը Հայաստանն ուղղում է գազի գնի փոխհատուցմանը եւ Արմավիան պահելուն, եւ հնարավորություն տալիս պարտք չվերցնել Ռուսաստանից: Կամ էլ Արեւմուտքը նպաստում է Հայաստանում այնպիսի մարդկանց իշխանության գալուն, ովքեր ռիսկի կդիմեն Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման գնալու առումով, սակայն այդ դեպքում էլ հարկ կլինի ծածկել խոշոր վնասը: Ռուսաստանը չափից դուրս հզոր տնտեսական լծակներ ունի Հայաստանի վրա, եւ այժմ ուժեղացնում է դրանք: Երեւում է, ներկայում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կոնցեպտուալ բանակցություններ են ընթանում: ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղարը ասել է, որ բանակցություններ են ընթանում էներգետիկայի ոլորտում համագործակցության ողջ համալիրի վերաբերյալ, ներառյալ բնական գազի սակագնի հարցը: Դա նշանակում է, որ Հայաստանը փորձում է թուլացնել Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը, որը ոչ միայն դիմադրում է բոլոր միջոցներով, այլեւ նոր լծակներ է ստեղծում: Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի այդ պայքարը, սակայն ակնհայտ է, որ երկու գործոն գլխավոր դեր կխաղա՝ Հայաստանին օգնելու Արեւմուտքի պատրաստակամությունը եւ սեփական գիծը մինչեւ վերջ տանելու Հայաստանի իշխանության ընդունակությունը, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի կորցնել իշխանությունը: Հայաստանում միայն այս երկու գործոնների առկայության դեպքում հնարավոր կլինի վերականգնել լիարժեք ինքնիշխանությունը՝ եթե Արեւմուտքը պատրաստ է հանուն Հայաստանի առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ, եւ եթե իշխանությունը մտադիր չէ վաճառել իրեն ցանկացածին, ով կերաշխավորի նրա վերարտադրությունը: Նաիրա Հայրումյան

No comments: