Monday, July 16, 2012

Նոր ընդդիմության հեռանկարը

«Լրագիր» 16-7-2012- Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ-ից իր դուրս գալու որոշումը կապում է ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների ինտենսիվացման հետ, իր խոսքով՝ նա չէր սպասում, որ հայտնի քաղաքագիտական վերլուծությունը կվերածվի ՀԱԿ քաղաքականության: Եվս մեկ կարևոր բան, որ նշում էր Շահնազարյանը՝ դա Հայաստանում լիբերալ գաղափարի կայացման անհրաժեշտությունն էր: Ըստ էության, ՀԱԿ-ը լքող գրեթե բոլոր գործիչներն ամեն անգամ հայտարարում են այսպես ասած արևմտյան գաղափարների ու վեկտորների անհրաժեշտության մասին: Նրանք Հայաստանում ապակայունացման վտանգներ են տեսնում, որոնք կապում են ռուսական գործոնի հետ: Շահնազարյանը, ու ոչ միայն նա, հստակ նշում են նաև, որ ԲՀԿ-ն համարում են ռուսական ազդեցության գործիք, ու հենց Բարգավաճի հետ կապված էլ վտանգներ են տեսնում: Ըստ էության, ՀԱԿ-ը, առնվազն ԲՀԿ հետ հնարավոր համագործակցության մասով, ևս այդ ազդեցության գործոն է: Եթե նույնիսկ այդ ձևակերպումը ՀԱԿ հանդեպ կարող է ոչ միանշանակ հնչել, ապա մի բան հստակ է՝ ՀԱԿ-ը եթե ոչ գործիք, ապա այդ գործիքին նպաստող միջոց է: Եթե փորձենք հարցը դիտարկել Շահնազարյանի նշած տեսանկյունից, այսինքն պետականության ապակայունացման, ապա կարող ենք ասել, որ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը, նպաստավոր իրավիճակի ու ռուսական ազդեցության գործոնի դեպքում նման պոտենցիալ կարող է ունենալ՝ ԲՀԿ-ն որպես այդ ազդեցության անմիջական գործիք, ՀԱԿ-ը որպես այդ ազդեցությանը սոցիալական ռեսուրսով ու ընդդիմության ստատուսով ապահովող արսենալ: Ժամանակին ՀԱԿ առաջնորդն այդ արսենալը արևմտականացնելուն խիստ դեմ գնաց, ու ինչքան էլ ՀԱԿ վերլուծաբանները պնդեն, որ կարևոր չէ, թե ընդդիմությունը ինչ արտաքին քաղաքական կողմնորոշում ունի, գոնե այն ժամանակ պարզ էր, որ բազմաթիվ կոնգրեսականներ սպասում էին արևմտյան սցենարների: Դավիթ Շահնազարյանն ըստ էության ուղիղ տեքստով ասում է այն, ինչ շատերն ակնարկում են: Հնարավո՞ր է արդյոք նման զարգացում, այսինքն՝ ապակայունացում ռուսական նախագծով: Տեսականորեն այո, բայց գործնականում, գոնե առկա փաստերի մակարդակում՝ թերեւս ոչ: Մենք տեսնում ենք, թե ինչքան բարդ է ստացվում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Եթե նույնիսկ նրանց կապող այլ ուղիներ կան, ամեն դեպքում ԲՀԿ-ն սերտաճած է այս համակարգին, այն համակարգին, որը հանրապետականի ձեռքերում է, սերտաճած է առնվազն տնտեսապես ու բազմաթիվ այլ կապերով: Մյուս կողմից, ինքը ՀԱԿ-ը իր ներսում ինչքան էլ փորձի հետևողական լինել իր առաջնորդի քաղաքականությանը, գտնելով, որ երկրում հիմնական նպատակը նախագահին գահընկեց անելն է, ամեն դեպքում մինչև վերջ չի պատկերացնում ԲՀԿ հետ համագործակցության հեռանկարը: Հարցի մյուս կողմը իշխանություններն են: Ի՞նչ դիրքորոշում ունի իշխանությունն այս հարցի մասին ու ինչպես է դիտարկում ԲՀԿ-ի ռուսական ազդեցության գոտում լինելն ու դրա հետևանքները: Իշխանությունն ինքն այդ ազդեցության գոտու մաս է, ու կարծես պետք է որ ռուսական վեկտորի հետ համագործակցող ևս մեկ ուժի հետ խնդիրներ չունենար: Օրինակ, եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ դառնար, այդ խնդիրը չէր ծագի, ինչպես որ չէր ծագում տարիներ շարունակ: Սակայն, մյուս կողմից, իշխանությունը եվրոպական քաղաքական շահի հետապնդողի դերում է հայտնվել: Այլ է, երբ իշխանությունն է հետևում ինչ որ վեկտորի, եւ այլ, երբ այդ վեկտորին հետևում է ընդդիմադիր մեծ ուժ: Այս պարագայում իշխանությունը ռուսական վեկտորի ճնշումն իր վրա զգում է ոչ միայն ուղղակիորեն, այլ նաև միջնորդավորված: Իր հերթին, որքանով է իրականությանը մոտ Շահնազարյանի նշած ապակայունությունը, ու եթե այն հրահրվում է ռուսական իշխանության կողմից, որոնք են դրա պատճառները: Ռուսական իսթեբլիշմենթը կարողանում է իշխանությունից ուզածի ու անհրաժեշտության չափով ստանալ զիջումներ: Ասել, որ խնդիրը օրինակ ԵՄ կամ ՆԱՏՕ հետ հայաստանյան կողմի վերջին շրջանում ակտիվացած շփումներն են, ու որ ՌԴ-ն փորձում է այդ շփումներին հակադրել այլ ուժ Հայաստանի ներսում, կրկին իրատեսական չէ, որովհետև նույն ՌԴ-ն ինքն է համագործակցում նշված ուժերի հետ: Բացի այդ, Հայաստանի համագործակցությունը Արևմուտքի հետ բավական զգուշավոր է, այնքան զգուշավոր, որ այն դեռևս Հայաստանից ռուսական գործոնի դուրս մղման որևէ ակնարկ չի ենթադրում: Խնդիրն այլ է՝ Ռուսաստանն ուղղակի նոր երաշխիքներ է ստեղծում, իշխանության վրա իր ազդեցությունը պահելու համար: Այստեղ կարևոր է Շահնազարյանի նշած մեկ այլ միտք՝ լիբերալ գաղափարի հանդես գալը, կամ դրա ինստիտուցիոնալացումը: Եթե փորձենք ամբողջացնել այս միտքը, ապա Հայաստանում արևմտյան վեկտոր ունեցող ընդդիմության խնդիրը դառնում է ըստ էության առաջնահերթ: Ժառանգությունն ու Ազատ դեմոկրատները այդ գործի դեռևս միակ կրողներն են: Նման ընդդիմությունն անհրաժեշտ է Հայաստանին, հակակշռելու ռուսական հնարավոր ազդեցության տակ գտնվող ընդդիմությանը եւ բացառելու ապակայունացման արտաքին փորձերը: Լեւոն Մարգարյան

No comments: