Tuesday, July 17, 2012

Դիարբեքիրի քաղաքապետը ողջունում է Երեւանի քաղաքապետին եւ համագործակցության հույս հայտնում

News.am. 17-7-2012- Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Դիարբեքիրում եռօրյա բիզնես կոնֆերանսի մասնակից Հայաստանի «Կանանց ֆորում» ՀԿ-ի եւ Թուրքիայի DOGÜNKAD-ի անդամ գործարար կանանց հետ հանդիպել է ընթրիքի սեղանի շուրջ: Ինչպես հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հանդիպման ժամանակ երկու երկրների գործարար կանանց հաջողություն է մաղթել՝ կարեւորելով նրանց դերը սոցիալական եւ տնտեսական զարգացման գործում: Նա նշել է, թե այսօր նման համագործակցություն սկսողները 10 տարի հետո այնպիսի շահավետ դիրքում են լինելու, որ ոչ ոք չի կարողանա նրանց հետ մրցակցել: Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Հայաստանի «Կանանց ֆորում» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Ավետիսյանի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաքին, նշել է, թե Երեւանը քրդերի համար կարեւոր նշանակություն է ունեցել: Նրա խոսքով՝ այն տարիներին, երբ Թուրքիայում արգելված էր քրդերենը, Թուրքիայի արւելյան հատվածներում ապրող քրդերն իրենց լեզուն պահպանել են Երեւանի ռադիոյի միջոցով: «Խնդրում եմ փոխանցեք իմ ջերմ ողջույները Երեւանի քաղաքապետին: Ցանկանում եմ, որ Դիարբեքիրը Երեւանի հետ եղբայր քաղաքներ լինեն: Ներկայումս քաղաքական դժվարին ժամանակաշրջան է, սակայն հույս ունեմ, որ մոտ ապագայում Երեւանի հետ համագործակցության հնարավարություն կունենանք»,-նշել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը՝ նշեշտելով, որ աշխարհում ամենաշատը ցանկանում է այցելել 3 քաղաք, որոնցից մեկը՝ Երեւանն է: Հրավիրող կողմը հայ հյուրերի համար անակնկալ էր պատրաստել՝ հրավիրելով քուրդ երգչուհու, ով հայկական ժողովրդական երգերի կատարումով արժանացել է ներկաների ծափողջյուններին:

No comments: