Tuesday, July 17, 2012

Իրանի փոխնախագահ. Միջամտող պետությունները ցանկանում են կրկնել Սիրիայում այն տարբերակը, որ իրականացրել են Լիբիայում

Panorama.am. 17-7-2012- Օտար պետությունների միջամտությունը, հատկապես ընդդիմադիր ուժերի զինումը, որևէ կերպ չի կարող լուծել Սիրիայում ստեղծված իրավիճակը, այլ ընդհակառակը` վիճակն ավելի կբարդացնի: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը: Ըստ նրա, այն գործընթացները, որոնք սկսվել են Սիրիայում, հատկապես խորհրդարանական ընտրություններով ու կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններով, թույլ են տալիս աջակցություն ցուցաբերել այդ գործընթացներին: «Այն ծրագիրը, որը առաջարկվել է Քոֆի Անանի (ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի (Արաբական պետությունների լիգա) հատուկ պատվիրակ) կողմից ու հավանության արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, կարող է հաջողության պսակվել, եթե չլինի օտար երկրների միջամտությունը: Միջամտող պետությունները ցանկանում են կրկնել Սիրիայում այն տարբերակը, որ իրականացրել են Լիբիայում: Սակայն այդ ամենը միտված է Իսրայել պետությանն օգնելուն, նպաստելուն, ոչ թե Սիրիայի խնդիրները լուծելուն»,-ասաց Իրանի փոխնախագահը: Ըստ նրա, պետք է պաշտպանել Քոֆի Անանի նախագիծը, նպաստել Սիրիայում քաղաքական և ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, արգելել որևէ զինամթերքի, զենքերի մուտքը Սիրիա: Նա հույս հայտնեց, որ միջազգային կազմակերպությունները ունեն այն կարողությունը, որպեսզի իրականացնեն Քոֆի Անանի առաջարկած ծրագիր: Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի խոսքով, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը գրեթե բացառում են, որ Արևմտյան պետությունները որոշեն ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում: «Դա տեղի չի ունենա»,- ասաց նա, ապա շարունակեց. «Իրանը օգտագործում է իր բոլոր ջանքերը Սիրիայի իշխանությունների ու ընդդիմադիր ուժերի միջև երկխոսություն ձևավորելու ու զարգացնելու համար»:

No comments: