Thursday, July 12, 2012

Երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի ԼՂՀ–ն միանա բանակցային գործընթացին. Դավիթ Բաբայան

Tert.am. 12-7-2012- ԼՂ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, դրական գնահատելով երեկ Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունը, այսուհանդերձ, չի գտնում, որ պահը, երբ համապատասխան իրավիճակ կստեղծվի և կվերականգնվի բանակցային գործընթացի «խեղաթյուրված ձևաչափը, կարող է գալ վաղը, մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո»: Հիշեցնենք, որ Մինսկի խումբը առանց կոնկրետ ժամկետ նշելու Ստեփանակերտում երեկ կրկին հայտարարել էր, թե բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին: «Դրա համար կպահանջվեն տարիներ, իսկ այս պահի դրությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կամաց-կամաց այդ գործընթացը մտնի իր բնականոն հունի մեջ»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։ ԼՂ նախագահի խոսնակը արձանագրելով հանդերձ, որ նման կարծիքներ նախկինում ևս հնչեցվել են, նշում է, որ գնալով համանախագահները ավելի ու ավելի հստակորեն են խոսում այդ մասին, ինչը Դավիթ Բաբայանը բավականին դրական է գնահատում: «Քանի որ արդեն պարզ է դառնում բոլորի համար, որ անհնարին է առանց Արցախի կարգավորել հիմնախնդիրը»,- բացատրեց ԼՂ նախագահի խոսնակը: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am–ի հետ զրույցում այդ նախկինում եղած հայտարարություններից որևէ բան չի ակնկալում: «Առաջին անգամը չէ, որ խոսվում է, այդ մասին տարիների ընթացքում մի քանի անգամ խոսվել է, ուղղակի ասելուց հետո շուտ մոռացվում է»,- ասաց նա և նկատեց.«Ուղղակի ի սկզաբանե, երբ ձևավորվեց այդ բանաձևը, որի համաձայն Արցախը պետք է տարածքներ հանձնի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այս բանաձևի շրջանակներում անընդհատ խոսվում էր այն մասին, որ ինչ-որ մի պահից, Արցախը անմիջականորեն մասնակցի բանակցություններին և վերջանական բանաձևը մշակվի երեք ներգրավված կողմերի մասնակցությամբ»: «Ըստ էության ստացվում է այնպես, որ մադրիդյան սկզբունքներն ու մնացած խնդիրները նախապես փոխհամաձայնեցվում են Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին և Արցախն ուղղակի կանգնեցվում է փաստի առաջ»,– ասաց նա: Այսինքն, ըստ Արման Մելիքյանի, արդեն ձևավորված օրակարգի շրջանակներում ԼՂ-ից պահանջվելու է միայն, որ նա իր համաձայնությունը տա երկու կողմերի միջև կնքված համաձայնագրին: Իսկ փաստն այն է, որ առ այսօր Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին չի մասնակցում և բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի ձևաչափին չհամապատասխանող տարբերակով: Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, հակառակը, վերջին հայտարարությունը համարում է առաջընթաց: «Մանավանդ , որ այդ հայտարարությունն արվել է ԼՂՀ–ում անցկացվելիք նախագահական ընտրություններին նախաշեմին: Սա կրկնակիորեն արժևորում է այս հայտարարության իմաստը»,-Tert.am–ին ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է «մեսիջներին» որ ընտրված ժամկետներում փոխանցվում է միջազգային հանրության կողմից , ապա, ըստ նրա, դրանցով հասկացնել է տրվում, որ համանախագահները թեկուզ անուղղակիորեն ընդունում են այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես թեկուզ չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող պետություն կայացել է՝« իր ինստիտուտներով, իր ժողովրդավարական դրվածքով», ինչպես նաև այն, որ առանց ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացին մասնակցելու հնարավոր չէ ապահովել բանակցային գործընթացում որևէ առաջ խաղացում:

No comments: