Monday, July 9, 2012

Ոստիկանությունը պատռում է դիմակը

«Լագիր» 9-7-2012- Երեկ երեկոյան, մինչ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողության սկսելն արդեն պարզ էր, թե որն է լինելու ոստիկանության առաքելությունը «Հարսնաքարի տարածքում»` պաշտպանել Ռուբեն Հայրապետյանին ու նրա սեփականությունը, չնայած որևէ մեկը չէր պատրաստվում գրոհել կամ գրավել այն: Ոստիկանները երեկ առանձնացան իրենց վարքագծով` լկտի հայհոյանքներով ու բռնի գործողություններով, որով և նրանց հաջողվեց տապալել մոմավառության արարողությունը: Մինչ մոմավառության մեկնարկը մի քանի տասնյակ ոստիկաններ արդեն իսկ հսկում էին տարածքը և այնտեղ զբոսնող Ռուբեն Հայրապետյանին: Հելսինկյան Ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանը վերջինիս կողմից հարձակման ենթարկվեց այն պահին, երբ փորձել էր լուսանկարել ռեստորանի տարածքից: «Նա մոտեցավ ինձ, հայհոյեց ու անսպասելի այնպես հարվածեց, որ ես տապալվեցի գետնին», միջադեպից անմիջապես հետո պատմեց Արմանը: «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները…», իր վերջին հայտարարության մեջ գրել էր Հայրապետյանը, բայց ինչպես տեսնում եք` նրա ներկայությունն իրավիճակը չի փոխում և իրավիճակը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ երիտասարդների վրա բարձրացված բռունցքները բռնող չկա և քանի դեռ ողջ ոստիկանական համակարգն աշխատում է մեկ մարդու համար: Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանին ուղեկցում էին ոստիկաններ, ում ներկայությամբ և տեղի էր ունեցել բռնությունը: Ոստիկանները ոչ միայն չեն միջամտել բռնությանը, այլև, ինչպես պատմում էին ականատեսները, բարձրաստիճան ոստիկաններից մեկը շոյել է օլիգարխի մեջքը, այսպիսով փորձելով հանգստացնել նրան: Որ ոստիկանության առաքելությունը երեկ հասարակական կարգի պահպանումը չէր, վկայում են նաև այլ միջադեպեր: Մասնագիտական պարտականությունները կատարելիս խոչընդոտվել է «Մեդիալաբի» լրագրող Կարապետ Սահակյանի աշխատանքը: «Հարսնաքարում» բողոքի ակցիայի մասնակիցների ճանապարհը փակած ոստիկաններն ու կարմիր բերետավորները ոչ միայն փորձել են արգելել Կարապետ Սահակյանին նկարահանումներ անել, այլեւ սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել ու բռնություն են գործել լրագրողի հանդեպ, ներկայացնում է «Մեդիալաբն» իր կայքում: Հիմա տեսնենք ինչպես և ինչ է ներկայացնելու ոստիկանապետը երեկվա իրադարձությունների վերաբերյալ: Կհայտարարի՞ արդյոք Վլադիմիր Գասպարյանը «Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը», թե այլևս կանկեղծանա և մի կողմ կդնի ավելորդ սեթեւեթանքը: Ժաննա Ալեքսանյան

No comments: